Մի վնասեք գիտությանը․ բողոքի ակցիա՝ Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու որոշման դեմ (տեսանյութ)

Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում  ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ իրենց բողոքը հայտնելով Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու որոշման դեմ:

Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը․ «Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը:

Մենք՝ կենտրոնի աշխատակիցներս, անթույլատրելի ենք համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում՝ ջրավազանի տեղը բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը:

Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են՝ մի շարք պատճառներից ելնելով։ Մասնավորապես՝

  • 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարևանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։
  • Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և այլևս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները և կենսաբանները ևս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված:
  • Չնայած ինստիտուտը գիտահետազոտական է և արտանետումները արտադրական մասշտաբների չեն, սակայն բոլոր մասնաշենքերում իրականացվող հետազոտությունների ժամանակ լինում են արտանետումներ՝ թե՛ հոտավետ, թե՛ թունավոր նյութերի։ Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է անմիջապես ինստիտուտի հարևանությամբ, բնակիչները, ամենայն հավանականությամբ, ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու։ Հարց է առաջանում՝ այդ ժամանակ կենտրո՞նն է փակվելու, թե՞ նորակառույց շենքն են քանդելու։
  • 2007թ.-ին ապօրինի կերպով ինստիտուտը զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։

Սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով ինստիտուտի անվտանգության մակարդակը։ Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլև հանդիսանում է միկրոկլիմայի և միկրոէկոլոգիական համակարգի ամենակարևոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները։

  • Կառուցապատողները, բացի բարձրահարկ շենքից, նախատեսում են կառուցել գետնանցումներով ներքին ավտոկայանատեղի։ Այդտեղ սպասվող շինարարական աշխատանքները անմիջապես վտանգելու են կենտրոնի մասնաշենքերի տակ գտնվող քիմիական պահեստները։
  • Կենտրոնն իր մասնաշենքերով և ջրավազանը՝ որպես մեկ համալիր պատմամշակութային արժեք է։ Մասնավորապես, ջրավազանի կողքն է գտնվում քիմիական գիտությունների դոկտոր Արմենակ Մնջոյանի կիսանդրին, որը հատուկ պահպանվող հուշարձան է: Ավելին. Ջրավազանի հիմնական խողովակը հին ժամանակներում կառուցված ջրատարի մի հատվածն է:

Նշենք, որ հուլիսի 21-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Քննարկված առաջին ներդրումային ծրագիրը վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում, այսինքն՝ քիմիական կենտրոնի տարածքում վերոնշյալ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը:

Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը: Հանձնարարվել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները:

Մեզ համար անընդունելի է, որ նիստի ժամանակ առհասարակ քննարկման չի դրվել այն հարցը, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել քիմիական գիտահետազոտական կենտրոնի տարածքում։

Ներկայումս ՕԴՔԳՏԿ-ն ՀՀ ռազմավարական նշանակության կենտրոններից մեկն է:

Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում գիտության դերն ու նշանակությունը կառավարական օղակներում դեռ չի արժևորվում: Մեր կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձությունները փակում են հետագա զարգացման հնարավորությունները և առհասարակ հարցականի տակ են դնում կենտրոնի լիարժեք գործունեությունը և գոյությունը»,- նշված էր հայտարարության մեջ։