Պակիստանը զորքեր է տեղակայել Աֆղանստանի հետ սահմանին

Պակիստանի զինված ուժերը ժամանել են Աֆղանստանի հետ սահման, որպեսզի թույլ չտան գրոհայինների մուտքն Աֆղանստանից: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար շեյխ Ռաշիդ Ահմեդը:

Նրա խոսքով՝ բանակը փոխարինել է սահմանապահ ծառայության աշխատակիցներին: «Այժմ սահմանին տեղակայված են կանոնավոր բանակի զինված ուժերը, որոնք փոխարինել են զինված խմբավորումներին»,- ասել է Ահմեդը:

Նախարարն ընդգծել է, որ սահմանին տիրող ոչ կայուն իրավիճակը պահպանվում է, և դա պահանջում է զորքերի ուժեղացված ներկայությունը, քանի որ սահմանապահները ստիպված են հետ մղել ոչ միայն Աֆղանստանից դուրս եկող փախստականներին, այլև նահանջող գրոհայիններին և հարևան պետության զինվորականներին:

«Եթե աֆղանական զորքերը մտնեն Պակիստան՝ փրկվելով մարտական գործողություններից, կա հավանականություն, որ «Թալիբանը» կհետևի նրանց, և հակամարտությունը կտեղափոխվի Պակիստանի տարածք»,- ասել է աֆղան նախարարը:

Միևնույն ժամանակ վերջինս հավելել է, որ Աֆղանստանի կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման անդամների միջև հակամարտությունը երկրի ներքին գործն է, և Իսլամաբադը չի պատրաստվում ընդունել կողմերից որևէ մեկին:

Հիշեցնենք, որ իրավիճակն Աֆղանստանի սահմաններին լարված է շաբաթներ շարունակ. «թալիբները» շարունակում են առաջխաղացում գրանցել տարբեր ուղղություններով, իսկ Աֆղանստանի զինվորականները նահանջում են սահմաններից: Դա տեղի է ունենում երկրից ամերիկյան զորքերի դուրս բերմանը զուգահեռ: