Իշխանության տապալման պլան Բ-ն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ ԵԿ անդամ Հայկ Դերզյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՍԴ որոշման և երկու ընդդիմադիր դաշինքների կողմից պատգամավորական մանդատները վերցնելու, խորհրդարանում որպես ընդդիմադիր ուժ ներկայացված լինելու մասին։ Արդյո՞ք ընդդիմությունը կունենա այն ներուժը, որպեսզի ի վիճակի լինի որակական առումով բոլորովին այլ խորհրդարան ստեղծել՝ ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի։ Հայկ Դերզյանն ասաց, որ թեև քանակական առումով ՔՊ-ը միանշանակ մեծ առավելություն ունի՝ որպես խորհրդարանական ուժ, սակայն ընդդիմությունը որակական մեծ ներուժ ունի, որով էլ կկարողանա դիմադրել իշխանությունների հակապետական քայլերին։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը չի չեղարկել փողոցային պայքարը և խորհրդարանական հարթակից զատ շարունակելու է նաև փողոցի միջոցով ճնշումներ գործադրել իշխանությունների քայլերի վրա։

Ինչո՞ւ պարտվեց ընդդիմությունը, ո՞ր հաշվարկներում էր սխալվել և արդյո՞ք դասեր քաղել է ու այսուհետ ավելի արդյունավետ է գործելու։ Հաղորդման հյուրի հավաստմամբ՝ ընդդիմությունը գիտակցում է, որ մեծ անելիք ունի հանրային կարծիքի վերափոխման առումով և իր գործունեությամբ նաև դրան է նպաստելու։

Խոսեցինք նաև Հայաստանի առաջ ծառացած խնդիրների, վտանգների մասին, ընդդիմությունն ունի՞ հստակ պատկերացում և ճանապարհային քարտեզ, թե առաջնահերթ որ մարտահրավերները պետք է կանխել ։ Ըստ Հայկ Դերզյանի՝ ընդդիմությունը առայժմ երկու ուղղությամբ պիտի աշխատի՝ Հայաստանի անվտանգության և տնտեսության զարգացման։

Մանրամասները՝ տեսանյութում