Արցախում ապրողը, Արցախի հետ իր ճակատագիրը կապողը իրականացնում է պատմական առաքելություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

ԱՀ արտգործնախարարի հետ զրուցել ենք Արցախ աշխարհում տիրող իրավիճակի մասին, որը պատերազմից հետո փուլ առ փուլ վերակենդանանում է, Արցախում ապրող ժողովուրդն էլ իրականացնում է պատմական առաքելություն՝ իր ճակատագիրը կապելով Արցախ աշխարհի հետ և կողք կողքի ապրելով թշնամու հետ, թշնամի, որը մեկ նպատակ ունի՝ իսպառ ոչնչացնել հայ ազգին։

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր է ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանում, ապա ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահներ, իսկ Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսել Արցախում նույնն է, ինչ պատերազմ հայտարարել Ռուսաստանին, հարց՝ Ադրբեջանն այդքան ներուժ ունի՞։

Օրերս սկսել է շրջանառվել հետևյալ թեզը, թե հնարավոր է Արցախի ինքնիշխանություն Ադրբեջանի կազմում։ ԱՀ արտգործնախարարը բացառեց, դա անվանելով Արցախի ոչնչացում։ «Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանում ապրում են թալիշներ, լեզգիներ, ավարներ, որոնք ևս ունեն ինքնիշխանության խնդիր, եթե Ադրբեջանը Արցախին ինքնավարություն «շնորհի», ապա շատ ազգային փոքրամասնություններ նմանատիպ պահանջ կներկայացնեն, հետևաբար, Ադրբեջանը այդ քայլին չի գնա»,-ընդգծեց ԱՀ արտգործնախարարը։

Անդրադարձ է կատարվել ջրային անվտանգության խնդրին, որը Հայաստանի համար օրհասական է դարձել, քանզի Արցախից Հայաստան եկող ջրի մեծաքանակ պաշար անցել է թշնամու վերահսկողության տակ, իսկ այսօր արդեն ոռոգման ջրի խնդիր ունի հայ մարդը։ Դավիթ Բաբայանը նշեց, որ պատերազմից հետո այսօր Ադրբեջանը մի կարևոր զենքի է տիրապետում՝ ջրային պաշարների, որոնք ժամանակին մերն են եղել, իսկ այժմ անցել են թշնամու վերահսկողության տակ, դրա համար մենք պետք է աշխատենք մեր հարևանների հետ ճիշտ քաղաքականություն վարել, որպեսզի վատթարագույն խնդրի առջև չկանգնենք, ինչպես օրինակ Աֆրիկայում է, ի վերջո չպետք է մոռանալ, որ 21-րդ դարը ջրի դար է։

Ինչ վերաբերում  է հասարակության շրջանում տիրող անորոշությանը, ապա ըստ Դավիթ Բաբայանի՝ պետք է դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ, վարել ճիշտ քաղաքականություն, լինել հայրենասեր, հավատալ, և ամեն ինչ լավ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում