Մոսկվան կձեռնարկի բոլոր միջոցները Տաջիկստանի դեմ ագրեսիան կանխելու համար․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միջոցներ ձեռնարկել Տաջիկստանի դեմ ագրեսիան կանխելու համար, դրա համար հանրապետության 201-րդ ռազմաբազայում ռուս զինվորականները պլանային և չպլանավորված վարժանքներ են անցկացնում:

«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները` ագրեսիան կամ տարածքային սադրանքները կանխելու համար` համապատասխան ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգուն», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ինտենսիվ շփումները պահպանվում են Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության և սահմանային գերատեսչությունների միջոցով, և ակտիվորեն օգտագործվում են ՀԱՊԿ գործիքակազմը:

«Հանրապետությունում գտնվող 201-րդ ռազմաբազայում տեղակայված ռուսական զորքերը պլանային ու չպլանավորված տակտիկական վարժանքներ են իրականացնում»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը հետագայում ևս աջակցություն կցուցաբերի Տաջիկստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում:

«Մենք, անշուշտ, կշարունակենք օժանդակություն ցուցաբերել Տաջիկստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տաջիկ-աֆղանական սահմանը ամրապնդելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2013 թ. որոշման կատարման շրջանակներում»,- հավաստիացրել է Ռուդենկոն:

Նշվում է, որ Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ են գնում մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանում անկայունությունն աճում է՝ ԱՄՆ զորքերի դուրսբերման ֆոնին, որը պետք է ավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը։ 2020 -ին Վաշինգտոնը և Թալիբանը Դոհայում ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմի առաջին խաղաղ համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբը: