Անդրադարձ բացահայտմանը` Նիկոլի կողմից Արցախի շրջանները, բերդաքաղաք Շուշին պատերազմով թշնամուն հանձնելը վաղօրոք պլանավորված է եղել

Եվ իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախն Ադրբեջանին հանձնելու համար

 

Ո՞ւմ հավատալ` հայտնի ազգի ներկայացուցիչ, բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի՞ն, թե մեդիափորձագետ, նույն Լապշինի բնորոշմամբ, տաղանդավոր լրագրող ու մեծ հայրենասեր Նաիրի Հոխիկյանի ասածներին, որոնք վկայում են, որ ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի շրջանները, բերդաքաղաք Շուշին պատերազմով թշնամուն հանձնելը վաղօրոք պլանավորված է եղել, և որ նիկոլը իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախն Ադրբեջանին հանձնելու համար:

Անձամբ ես նախընտրում եմ հավատալ իմ հայ գործընկերոջը, մանավանդ, եթե նրա հայտնած տեղեկությունները համադրում եմ այն բազմաթիվ տեղեկությունների և անհերքելի փաստերի հետ, որոնց տիրապետում եմ, և որոնց դեռ սոսկ մի մասն են հրապարակված իմ Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ. Հաղորդում հանցագործության մասին» հոդվածաշարում : Ավելին. ներըմբռնողաբար (ինտուիտիվ կերպով) զգում եմ, որ Հոխիկյանը չի ստում` «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարելով, որ ունի Լապշինի հետ իր խոսակցությունների ձայնային գրառումները, որոնք հաստատում են իր ասածները (հորդորում եմ հրապարակել դրանք):

Ինչպես արդեն հայտնի է, Նաիրի Հոխիկյանը երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև 2020թ. 44-օրյա պատերազմին՝ սկանդալային տեղեկություններ հրապարակելով դեռ 2019թ. Նիկոլ Փաշինյանի, նրա մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Ալեքսանդր Լապշինի հետ իր զրույցների և այլնի մասին: Համացանցի հայկական տիրույթը երեկ և այսօր ողողված է այդ մասին հազարավոր հրապարակումներով` սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում: Նկատի ունենալով նշված հանգամանքը, չեմ մեջբերի կամ ներկայացնի Հոխիկյանի ասածն իր ամբողջ մանրամասներով, ցանկացողները դրանց` կից տեսագրությամբ հանդերձ, կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«Այսօր ծանոթացա նաև Լապշինի հերքմանը, որոնք վերաբերվում են միայն Հոխիկյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ իր զրույցի բովանդակությանը, բայց չեն կարող վերաբերվել ու չեն վերաբերվում հիշյալ ուսանողական միության նախաձեռնած քննարկման ժամանակ մեդիափորձագետի ելույթի մնացյալ մասին: Մի քանի ժամ առաջ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լապշինի հերքմանը և ոչ միայն…

Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Նաիրի Հոխիկյանը:- Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որևէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ։

Ալեքսանդր Լապշինը այդ ձայնային հաղորդագրությունը (ուշադրություն դարձրեք, դա ձայնագրություն չի եղել) ուղարկել է 2020թ․ նոյեմբերի 11-ին՝ հիշեցնելով մեր ընդհանուր խոսակցությունը 2019թ․ մայիսի 11-ին։ Ես այդ ժամանակ բազմիցս Լապշինին խնդրել եմ հրապարակային խոսել, մինչդեռ նա ինքն է ասել, որ չի կարելի դա անել, քանի որ կա անվտանգության խնդիր։

Լապշինին ես ճանաչում եմ 2016-ի դեկտեմբերից, նրան և նրա ընտանիքին օգնել եմ ամեն ինչով, երբ նա կալանավորվել էր Բելառուսում և ուղարկվել Ադրբեջան։ Լապշինի խնդրանքին՝ չհրապարակել դա իր անվտանգության համար, ընդառաջել եմ, թեպետ իրեն ասել եմ, որ բոլոր դեպքերում պետք է խոսել այդ մասին․ չէ՞ որ ես էլ ունեմ անվտանգության խնդիր։

Հուսով եմ, այս անգամ ևս հերքումներ չեն լինի, քանի որ ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները։ Ես սովոր եմ խոսել փաստերով, և եթե մեկը ինձ մեղադրում է ստախոսության կամ կեղծիքի մեջ, պետք է դրա համար փաստեր ունենա։ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները»։

Նկատենք, որ Հոխիկյանը Լապշինի ուղարկած ձայնային հաղորդագրությունները դեռ չի հրապարակել, հրապարակել է տեղեկություններ դրանց բովանդակության մասին, և, կարծում եմ, իրեն, ըստ էության, ստախոսության կամ կեղծիքի մեջ Լապշինի հրապարակային մեղադրանքից հետո այլևս չունի այդ ձայնային հաղորդագրությունները հրապարակելու բարոյական խնդիր:

Քանի որ Հոխիկյանն իր խոսքում անդրադարձել է մինչպատերազմյան Նիկոլին, հիշենք Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում 2020թ. փետրվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով ծավալված քննարկումը, որը դեռ այն ժամանակ, թեկուզ մեղմորեն, հուշում էր, թե ով է Նիկոլը: Այն ժամանակ անդրադառնալով հիշյալ հանդիպմանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում «ЗА ДЕРЖАВУ ОБИДНО» վերտառության ներքո հանդես եկավ հետևյալ դիպուկ գրառմամբ.

Լսեցի Փաշինյան-Ալիև հրապարակային «զրոյցը»։ Գուցե, տարբեր տրամաչափի փորձանքագետներ, ներեցեք՝ փորձագետներ իրենց մասնագիտական «փորձառությամբ» ինձ կհակադարձեն, թե ես դիվանագիտությունից բան չեմ հասկանում։

Ամեն դեպքում, տպավորությունս այսպիսին էր՝ ինչպես ասում են «За державу обидно»։

ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» (չշփոթել ԲՀԿ առաջնորդի հետ) և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես արդարանում էր արցախյան հարցով։

Իսկ երբ Ալիևը սկսեց հոխորտալ, կարծում եմ, հայ ժողովրդի արժանապատվությունը պահանջում էր, որ վարչապետն ընդհատեր Ալիևին, մոտավորապես հետևյալ խոսքերով. «Ահա և պարոն Ալիևի Արցախի հարցի լուծման պատկերացումները։ Ես, ելնելով խաղաղ բանակցային տրամաբանությունից, չուզենալով սրել իրավիճակը, չխոսեցի Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, այն մասին, որ Ադրբեջան անունով պետություն, մինչև 1918 թ. աշխարհի քարտեզին գոյություն չի ունեցել, և որ ազատ, անկախ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, հայտարարում եմ միայն պատրանք է և ուրիշ ոչինչ։ Ներեցեք, հարգարժան լրագրողներ, ես լքում եմ հանդիպումը»»:

Իսկ հիմա գանք ներկայի իրողություններին, որոնք առավել են բացահայտում Նիկոլի ով լինելը և թաքուն կամ ոչ այնքան թաքուն մտադրությունները:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան