ՀԱՊԿ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում սահմանին զոհերի փաստին․ Փաշինյան

«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որը մինչ այդ խոսել էր Ադրբեջանի կողմից սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունների մասին, ասելով, որ ակնհայտ է՝ որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։

Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խորընդոտող կարևոր փաստ է նաև այն, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, ասաց Փաշինյանը, հավելելով, որ միչև օրս կարողացել են վերադարձնել 104 ռազմագերի։

«Շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են, կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում։ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայությունն ընդհանրապես։ Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմամբ»,-ասաց Փաշինյանը։