Աֆղանական բիզը սրվում է Ռուսաստանի, թերևս նաև Չինաստանի և Իրանի դեմ (տեսանյութ). 3

Կանդահարը գրավելուց հետո հերթը Քաբուլին է հասնելու

 

Սկիզբը` այստեղ

Կհամարձակվի՞ , արդյոք, թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակվել Հայաստանի կամ թեկուզ միայն Սյունիքի վրա և այդ հարձակումն առիթ դարձնել պատերազմում Ռուսաստանին ներքաշելու, նրա դեմ պատերազմելու համար: Իհարկե՛ ոչ, որովհետև քաջ գիտեն, որ այդ դեպքում պատերազմում արդեն կներգրավվեն Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, վերջնարդյունքում Ադրբեջանը, որպես պետություն, կդադարի գոյություն ունենալ, իսկ Թուրքիան, իր համար լավագույն դեպքում, կհայտնվի դրա շեմին:

Կհամարձակվի՞ ,արդյոք, Ուկրաինան Դոնբասում լայնածավալ պատերազմ սկսելով, այնտեղ կամ Ղրիմում սադրելով, պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Իհարկե՛ ոչ, որովհետև քաջ գիտե, որ դրանից հետո ինքը, որպես պետություն, կդադարի գոյություն ունենալ:

Կհամարձակվի՞ ,արդյոք, «Թալիբանը» Աֆղանստանում իշխանությունը լիովին վերցնելուց հետո, որը հեռու չէ, այսինքն` արդեն Աֆղանստանը հարձակվել Տաջիկստանի կամ Ուզբեկստանի վրա և այդպիսով պատերազմի մեջ մտնել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ: Իհարկե՛ ոչ, որովհետև քաջ գիտե, որ ռուս զինվորն ամերիկյան զինվորը չէ, որին զրահաբաճկոնից բացի, անհրաժեշտ է նաև տակդիր, և որի` Աֆղանստանում դեռ մնացած փոքր մասն այնտեղից հիմա ճողոպրում է: «Թալիբանում» ևս շատ լավ հասկանում են, թե ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ նման հակամարտության պարագայում իրենց ինչ է սպասվում:

Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը, Ուկրաինան կամ մոտ ապագայի Աֆղանստանը կհամարձակվե՞ն հարձակվել, եթե ուղղակիորեն, ինչպես նաև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջոցով միմյանց հետ պայմանավորվածություն ու համոզվածություն ունենան, որ երեք ուժերը հարձակումը սկսում են միաժամանակ կամ մեկի սկսելուց անմիջապես հետո մյուս երկուսն են սկսում… Ընդ որում, ունենալով նաև վստահություն, որ Ռուսաստանն իրենց հանդեպ իր հիմնական առավելությունը` միջուկային զենքը, գործի չի դնի, որպեսզի պանդորայի արկղը չբացի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ միջուկային պատերազմի մեջ չմտնի և աշխարհի կործանումը չդարձնի իրականություն: Մի շտապեք դարձյալ «ոչ» ասել, պատասխանից առաջ լավ մտածեք…

Ընդգծեմ, որ հիշյալ պետությունների միջոցով վերը նշված պատերազմի նպատակը, համենայն դեպս, ԱՄՆ-ի համար ամենևին էլ Ռուսաստանի նկատմամբ ուղղակի հաղթանակը չէ, ինչն անհնար է, այլ նրան հյուծելը, արնաքամ անելը, որպեսզի ՌԴ պետական բյուջեն չդիմանա պատերազմի խլած ահռելի ծախսերին, երկրում սոցիալ-տնռեսական վիճակը կտրուկ և էապես վատանա, այդ, ինչպես նաև բազմահազար զոհերի պատճառով ոտքի ելնի ժողովրդի այնպիսի կրիտիկական զանգված (ներառյալ` ՌԴ-ում ապրող ադրբեջանական ու մուսուլմանական համայնքների մեծ մասը), որն արդեն կարող է տապալել Պուտինին ու նրա վարչախումբը: Դրանից հետո արդեն երկրի թուլացումը, մասնատումը, Թուրքիայի ու մյուսների տարածքային հավակնությունների բավարարումը, Ռուսաստանի` ԱՄՆ-ի և Արևմուտքի վասալ պետության վերածումը կարելի է համարել երաշխավորված, եթե, իհարկե, իրենց այս ծրագիրը կարողանան հաջողացնել, ինչը, սակայն, դեռ հարց է…

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, վերջինիս ու Մեծ Բրիտանիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանի, Եվրոպայում Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի շուրջ լարվածության երկու օջախների ստեղծումից հետո, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն վերջերս Ռուսաստանի շուրջ լարվածության օջախ ստեղծեցին նաև Կենտրոնական Ասիայում` Աֆղանստանից արագորեն ու գրեթե ամբողջովին հանելով իրենց զորքերը և «Թալիբան»-ին հնարավորություն ընձեռելով արագորեն գրավելու Աֆղանստանը:

Վերոնշյալ նպատակին է ծառայում նաև ԱՄՆ-ի բանակի կողմից միլիարդավոր դոլարների զենք-զինամթերքը, ռազմական տեխնիկան և սարքավորումներն Աֆղանստանում թողնելը, որոնք կանխատեսելիորեն ու հաջողությամբ անցնում են «Թալիբան»-ին. Աֆղանստանի կառավարական ուժերը կամ դրանք թողնելով թալիբներին, փախչում են, կամ «Թալիբան»-ի զինյալները դրանք գրավում են մարտերի արդյունքում, շատ դեպքերում էլ Աֆղանստանի կառավարական ուժերն իրենց զենքերով ու ռազմական տեխնիկայով հանդերձ, անցնում են «Թալիբան»-ի կողմը: Նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահն է ասել այդ մասին:

Նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ զորքերը Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք և սարքավորումներ, որոնք ընկնում են արմատական ​​«Թալիբան» շարժման ձեռքը: Այս մասին անցած կիրակի հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը Դալլասում (Տեխաս) կայացած ԱՄՆ-ի պահպանողական շրջանակների խորհրդաժողովում:

«Նա (Բայդենը) թողնում է միլիարդավոր դոլարների սարքավորումներ,- ասել է Թրամփը:- Ես գեներալներին ասացի, որ ուզում եմ վերադարձնել յուրաքանչյուր մեխը, ուզում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Փոխարենը` այժմ թալիբները շքերթ են կատարում մեր զենքերով, որոնք թողել է Ջո Բայդենը: Ամոթ է»:

Ռուսաստանի շուրջ լարվածության նոր` երրորդ օջախի ստեղծումը, սակայն, չի սահմանափակվում սոսկ վերը նշվածով: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է…

ԱՄՆ-ն Աֆղանստանից իր բանակն ամբողջովին հանելուց հետո (զորքերի ավելի քան 90 տոկոսն արդեն հանված է, մնացած մասն Աֆղանստանից հանելու վերջնաժամկետը մինչև 2021թ. սեպտեմբերի 11-ն է, բայց, հնարավոր է, ավելի շուտ դուրս բերվեն), մտադիր է Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը հանձնել Ռուսաստանի ու մեր վաղեմի թշնամուն` Թուրքիային: Օդանավակայանի անվտանգության ապահովումը սոսկ արտաքին կողմն է, ձևական հիմնավորումը, պատրվակը` Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայության:

Թուրքիան սերտ ու ռազմավարական բնույթի հարաբերություններ ունի ​​«Թալիբան»-ի աջակից, նեցուկ, ֆինանսավորող ու նրա վրա ազդեցության մեծ լծակներ ունեցող Պակիստանի հետ, և կասկածից դուրս է, որ նրա միջոցով թե ուղղակիորեն ոչ միայն լրջագույն կապեր ու համագործակցություն է հաստատելու ​​«Թալիբան»-ի (վերջինիս կողմից Աֆղանստանի ամբողջական գրավումից հետո արդեն Աֆղանստանի իշխանության) հետ, այլև իր աշխարհաքաքղաքական (պանթուրքական) ծրագրի իրագործման նպատակով նրան ուղղորդելու է հատկապես Ռուսաստանի, բացառված չէ, նույնիսկ Չինաստանի և Իրանի դեմ, որոնց ԱՄՆ-ը համարում է իր թշնամիները, և որոնց հետ լուրջ խնդիրներ ունի նաև Թուրքիան:

Ինչպես հայտնի է, Չինաստանը արածքային հավակնություններ ունի ույղուրներով բնակեցված Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան նահանգի նկատմամբ (ի դեպ, ույղուրների մի մասն էլ բնակվում է հարևան Աֆղանստանում), քանի որ իր պանթուրքական, համաթուրանական և պանիսլամական ծրագրերի շրջանակում նպատակ ունի մեկ պետական միավորման մեջ միավորել Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան բոլոր թուրքալեզու ու մահմեդական ժողովուրդներին, բացի այդ, շատ ուրախ կլինի, եթե կարողանա տարածաշրջանում իր մրցակցին ու զսպողին` Իրանին, հնարավորինս վնասել ​​«Թալիբան»-ի ձեռքով, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի մյուս միավորը` Ադրբեջանը, տարածքային հավակնություններ ունի Իրանի հյուսիսային մասի, այսպես կոչված, «Իրանական Ադրբեջան»-ի (նախկինում հայկական Ատրպատականի), «հարավային Ադրբեջան»-ի նկատմամբ:

Ուշագրավ ու շատ ճիշտ դիտարկում է կատարել արևելագետ Արմեն Պետրոսյանը.

«Արդեն կանխատեսելի ապագայում կրկին աշխարհում ամենաանկայուն տարածաշրջանի վերածվելու ընդգծված միտում է արձանագրվում Աֆղանստանում,- «Ֆեյսբուք»-ի իր էջում «Աշխարհում անկայունության նոր տարածաշրջան է ուրվագծվում. Թուրքիան ևս կիզակետում է» վերտառության ներքո գրել է  Արմեն Պետրոսյանը:- ՆԱՏՕ-ի և ամերիկյան զորքերի դուրսբեման ֆոնին թալիբների և կառավարական ուժերի միջև ակտիվացած ռազմական բախումները հիմնականում առաջինների օգտին են։ Թալիբները վերահսկողության են ձգտում հատկապես սահմանային հատվածներում և ռազմավարական նշանակության այլ շրջաններում։

Քարտեզին նայելիս՝ պարզորոշ երևում է, որ հարավասիական այս կարևոր երկրում քաոսի հրահրումը կամ առնվազն դրան անուղղակիորեն նպաստելը նաև աշխարհաքաղաքական նշանակության նոր ծրագիր կարող է լինել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների միջև արձանագրված լարվածության դինամիկան։ Աֆղանստանում հակամարտությունն ուղիղ սպառնալիք է Իրանին, Չինաստանին, ՀԱՊԿ գոտուն։

Բացի այդ, հաշվի առնելով պատմական «Խորասան» տարածաշրջանի նշանակությունը իսլամական ծայրահեղական խմբավորումների գաղափարախոսությունում, մեծ հավանականությամբ Աֆղանստանը կարող է կրկին վերածվել ժամանակակից ջիհադիստական պայքարի առանցքային թատերաբեմի, որի դրևորումները ևս արդեն իսկ զգացնել են տալիս «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետության» ակտիվացմամբ։

Վերոնշյալի համատեքստում, ինչն է ուշագրավ՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո էլ Աֆղանստանում մնալու և այդ երկրում ծավալվող գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունենալու լրջագույն հավակնություններ է ցուցաբերում Թուրքիան՝ այս պահին դեռևս ձգտելով ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը։

Բացի այդ, հիմք ընդունելով թուրք-պակիստանյան սերտ հարաբերությունները և Իսամաբադի ազդեցության լծակները թալիբների վրա, կասկածից վեր է, որ Անկարայի ծրագրերն Աֆղանստանում շատ ավելի խորքային են՝ դարձյալ հաշվի առնելով այդ երկրի աշխարհագրական դիրքն ու նրան հարևան տարածաշրջաններում Թուրքիայի ունեցած հավակնությունները։ Ընդ որում, չի կարելի բացառել նաև, որ «Շուշիի համաձայնագրի» ստորագրումից հետո չի բացառվում Ադրբեջանի ներգրավում ևս աֆղանական գործընթացներին։

Իսկ, որ նման բազմաքայլ սցենարն (Թուրքիայի ներգրավմամբ այլ գործողություններին որոշակի նմանությամբ) Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում է, այդ մասին իր վերջին ելույթներից մեկում բաց տեքստով ուղիղ ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը` նշելով. «…Վերջին օրերին Շուշի գնացինք և այնտեղ մեր եղբայրների հետ կիսեցինք ազատագրման ուրախությունը: Այժմ նույն մոտեցմամբ այլ վայրերում նոր քայլեր անելու նախապատրաստություն ենք տեսնում: Եթե Թուրքիան իր սահմաններից դուրս այսպիսի հզոր անվտանգային գոտի չկարողանա ձևավորել, մեր հայրենիքի մեջ մեզ ո՛չ հանգիստ կտան, ո՛չ էլ կթողնեն բարօր ապրել»»։

Ուշագրավ է նաև ռազմական փորձագետ Վլադիմիր Դենիսովի դիտարկումը պատասխանը novayagazeta.ru -ին տված պատասխանում.

Շատ հետաքրքիր է, թե ինչի մասին է ԱՄՆ-ը պայմանավորվել թալիբների հետ փետրվարին: Հավանաբար այնտեղ կա գաղտնի մաս, որի մասին կիմանանք ավելի ուշ: Բայց որոշ տարածքների հանձնումը, հատկապես հյուսիսում, շատ արագ է ընթանում: Թալիբների մոտ հայտնվել է շատ, որպես ռազմավար վերցված տեխնիկա, հատկապես HMMWI մեքենաներ, որոնք արդյունավետ են այս թատրոնում:

Զվարճանքը նոր է սկսվում»…

«Չեմ զարմանա, եթե Աֆղանստանի հյուսիսից իլիպականները, թալիբների ճնշման տակ, կազմակերպված կերպով հեռանան (հնարավոր է, Թուրքմենստանի տարածքով) Կովկաս: Ուստի շատ կարևոր է թույլ չտալ, որ «Թալիբան»-ը մերձենա ԻՊ-ին (Ռուսաստանում կազմակերպությունը ճանաչվում է որպես ահաբեկչական): Դրանց միջև կան հիմնարար տարբերություններ, և արյունն արդեն թափվել է: Բայց ժամանակը բուժում է, և այս գործընթացը պետք է վերահսկվի»:

 

Տեսանյութը ` այստեղ 

Արթուր Հովհաննիսյան