Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Թայվանի նեղուցում ռազմական հակամարտություն հրահրելու փորձերի մեջ

Միացյալ Նահանգները մտադիր է նպաստել ռազմական հակամարտության հրահրմանը Թայվանի նեղուցում՝ Թայվանին մշտապես սպառազինություններ մատակարարելով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի Պետական խորհրդում Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը։

«ԱՄՆ-ը չարամտորեն ամեն անգամ սպառազինություններ է մատակարարում Թայվան՝ փորձելով պատերազմի հրդեհ հրահրել Թայվանի նեղուցում»,- ասել է Չժու Ֆենլյանը։ Նա ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է դրան։ Նրա խոսքով՝ Թայվանի կառավարող Դեմոկրատական առաջադեմ կուսակցությունը կղզու բնակիչների փողերն օգտագործում է ամերիկյան սպառազինություն գնելու համար։ Կուսակցության անկախության ձգտումը «կարող է միայն պատերազմի վտանգ բերել Թայվանի տարածաշրջան»,- ասել է Չժու Ֆենլյանը։

Նա Վաշինգտոնին կոչ է արել հետևել «մեկ Չինաստանի» սկզբունքին և Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համատեղ կոմյունիկեի երեք դրույթներին, դադարեցնել սպառազինության վաճառքը Թայվանին և սխալ ազդանշաններ առաքելը անջատողական ուժերին։

Ավելի վաղ պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը Թայվան կմատակարարի 391 ALTIUS 600M-V անօդաչու և 720 Switchblade 300 զինամթերք։ Պայմանագրերի արժեքը կազմել է 360,2 մլն դոլար։ Թայվանը կստանա նաև արձակման համակարգեր, կառավարման ցամաքային համակարգեր, սպառազինությունների տեղափոխման տրանսպորտ։ Պայմանավորվածությունների շրջանակում նախատեսված են անձնակազմի ուսուցանում, պահեստամասերի և տեխսպասարկման տրամադրում։