Աֆղանական բիզը սրվում է Ռուսաստանի, թերևս նաև Չինաստանի և Իրանի դեմ (տեսանյութ). 2

Կանդահարը գրավելուց հետո հերթը Քաբուլին է հասնելու

Սկիզբը` այստեղ

 

«Ֆունդամենտալիստները գրավում են Աֆղանստանը ՝ չսպասելով ԱՄՆ կոալիցիոն զորքերի դուրսբերմանը»,- «Թալիբները ստեղծում են իրենց սեփական պետությունը» վերտառության ներքո գրել է novayagazeta.ru -ն իր ս.թ. հուլիսի 6-ի հրապարակման մեջ և առաջարկել դիտել կառավարության հրամանատարների գերի հանձնվելու տեսանյութը:

Տեսանյութը պատկերում է, թե կենտրոնական ենթակայության հրամանատարների գումարտակը (կառավարման մարմինները բազաավորված են Քաբուլում)՝ իր ամբողջ զենք- զինամթերքով, ինչպես է հանձնվում թալիբաններին: Նկատելի է, որ նրանք լինելով բավական լավ զինված ու մեծաթիվ, հանձնվում են առանց որևէ դիմադրության, կամովին:

Վերջերս ՄԱԿ-ը հայտարարեց Աֆղանստանի 370 շրջաններից 50 նորերի գրավման մասին՝ չհաշված այն շրջանները, որոնք միշտ վերահսկվում էին «Թալիբան»-ի կողմից: Տեղեկացնելով այս մասին, novayagazeta.ru-ն գրել է.

«Այս բոլոր «նոր ձեռքբերումները» խմբավորված են գավառական կենտրոնների շուրջ` հստակ պատկերացմամբ արագ հարձակման ու գրավման մասին սեպտեմբերի 11-ի նախօրեին (սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետն է.- Ա.Հ.):

Տպավորիչ է արագությունն ու դյուրինությունը, որով «Թալիբանը», չսպասելով «վերջին ինքնաթիռին դեպի Արևմուտք», գրավում են երկրի բոլոր նոր շրջանները: Դեռ գործող կառավարության բանակային ստորաբաժանումները կա՛մ անցնում են թալիբների կողմը, կա՛մ գրեթե առանց կռվելու, նահանջում: Տեղական վարչակազմերը վայր են դնում լիազորությունները ֆունդամենտալիստների շատ փոքր ջոկատների առջև»:

Իրավիճակը ճիշտ գնահատելու և հասկանալու համաև ևս մեկ մեջբերում կատարենք նույն հրապարակումից. «Կարևոր է, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանին գտնվող գավառներում իշխանության զավթումը երկու շաբաթվա ընթացքում տարածվել է 900 կմ-ից ավելի գծի վրա: Այսօր թալիբների ձեռքում է գտնվում սահմանային անցումների ավելի քան երկու երրորդը, երկրից նրանց հակառակորդների փախչելու հնարավորությունը նեղանում է մեր աչքերի առաջ: Աշխարհագրությունը վկայում է` գործընթացը գլոբալ է: Ընդ որում, գրավված շրջկենտրոն Խվահանի տեղական օդանավակայանից մինչև Դուշանբեի օդանավակայան հեռավորությունը 140 կմ-ից պակաս է»:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 9-ին նշեց, որ Մոսկվան արձանագրում է լարվածության կտրուկ աճ տաջիկա- աֆղանական սահմանին, որի երկու երրորդն իր վերահսկողության տակ վերցրել «Թալիբանը»: Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց ռուսական կողմի ու «Թալիբան»-ի‰ բանակցությունների անհրաժեշտության մասին: Նա նշեց, որ Մոսկվայում տեղի ունեցող խորհրդակցությունները պայմանավորված են Աֆղանստանում լարվածության աճով: Ըստ էության, դրանք ոչ թե խորհրդակցություններ, այլ բանակցություններ էին:

Աֆղանստանում կառավարական զորքի դեմ հարձակման ֆոնին թալիբները բանակցությունների համար անցյալ ուրբաթ Մոսկվայում էին: «Թալիբան» շարժման Կատարի գրասենյակի ղեկավար շեյխ Շահաբուդդին Դելավարն ասել է, որ գրոհայինները վերահսկում են Աֆղանստանի տարածքի 85%-ը, բայց չեն հարձակվի գավառական կենտրոնների վրա՝ արյունահեղությունից խուսափելու համար:

Դելավարն, իհարկե, ստել է. այո, այժմ դեռ չեն հարձակվի, կհարձակվեն շուտով, համենայն դեպս, արդեն նախապատրաստվել են այդ հարձակմանը: Նրանց տարածքային նոր ձեռքբերումները, ինչպես novayagazeta.ru-ի վերլուծաբանն է նկատել, «խմբավորված են գավառական կենտրոնների շուրջ` հստակ պատկերացմամբ արագ հարձակման ու գրավման մասին սեպտեմբերի 11-ի նախօրեին»:

Թալիբները ռուս դիվանագետներին խոստացել են չանցնել Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները, ինչպես նաև կռվել Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ: Բանակցությունների նախօրեին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինն ասել է.

«Իհարկե, մենք չենք հարձակվի Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի վրա: Մենք վստահեցնում ենք ռուսական կողմին, որ մեր քաղաքականությունը չի կայանում հարձակումներում»:

Հավատա՞լ այս ամենին… Եվ, ընդհանրապես, կարելի՞ է հավատալ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների խոսքերին… Դատեք ինքներդ. Թեհրանում հուլիսի 8-ին հանդիպել են «Թալիբան»-ի և Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ։ Հանդես գալով համատեղ հայտարարությամբ, հակամարտ կողմերը համաձայնել են, որ պատերազմը հակամարտության լուծումը չէ։

«Ներաֆղանական հարցերով իրանական միջնորդական ջանքերի արդյունքում Թեհրանում Աֆղանստանի կառավարության և թալիբների ներկայացուցիչների միջև բանակցությունները, դատելով տարածված հայտարարությունից, ավարտվել են հաջողությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հուլիսի 9-ին գրել է  իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Սակայն, Թեհրանում կայացած հիշյալ հանդիպման հենց հաջորդ օրը` հուլիսի 9-ին, «Թալիբան»-ի զինյալները հարձակվել են Աֆղանստանի մեծությամբ 2-րդ քաղաքի` Կանդահարի վրա, մարտեր վարել քաղաքի ներսում:

Ավելին. հուլիսի 10-ին Քաբուլն արտաքին գործընկերներին, ներառյալ` Չինաստանին, Հնդկաստանին և Ռուսաստանին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարելու համար տեխնիկապես օգնել Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերին, այսինքն` խնդրել է տրամադրել զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա և սարքավորումներ: Այս ամենը բացարձակապես չի համապատասխանում Մոսկվայում նախօրեին Դելավարի հայտնածին, թե Քաբուլն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին դիմում է «Թալիբան»-ին համագործակցության առաջարկություններով:

«Թալիբան»-ի հետ խնդիրներ չունենալու համար Մոսկվան, ինչպես արդեն նշել ենք, ըստ էության, մերժել է Աֆղանստանի կառավարության խնդրանքը, հավանաբար նույն կերպ կվարվեն նաև Չինաստանը և Հնդկաստանը, կամ պարզապես կլռեն: Թե որքան լուրջ է իրավիճակը, կարելի է հասկանալ թեկուզ նրանից, որ Մոսկվան ստիպված է եղել բանակցությունների նստել այն կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը Ռուսաստանում հայտարարված է ահաբեկչական և արգելված է:

Որ իրավիճակ է փոխվել ու փոխվել է լրջորեն, վկայում է նաև այն, որ անցած երկուշաբթի երեկոյան RTR կենտրոնական հեռուստաալիքի հաղորդավարը խոսելով տաջիկա- աֆղանական սահմանին իրավիճակի ապակայունացման մասին ու բազմիցս կրկնելով «Թալիբան» բառը, չի արտասանել այս կազմակերպության անունը հիշատակելիս մշտապես գործածվող արտահայտությունը` «Ռուսաստանում կազմակերպությունը ճանաչվում է որպես ահաբեկչական»:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ Ռուսաստանն արդյոք հավատո՞ւմ է վերոնշյալ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների խոստումներին, թե «Թալիբանը» չի ձգտում գրավել Աֆղանստանը ռազմական ճանապարհով, և թե չի անցնի Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները…

«Ելնելով թալիբների նախկին կառավարման փորձից, կարելի է ենթադրել, որ «Թալիբանը» չի ձգտում ուժով տարածքային ձեռքբերումների հարևանների հաշվին,- novayagazeta.ru-ին  ասել է 2003-2016 թթ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:- Նրանք զբաղվում էին ներքին խնդիրներով. աղջիկների դպրոցների լուծարում, մշակութային հաստատությունների ոչնչացում, պատմական եզակի հուշարձանների պայթեցումներ:

Վերջիվերջո, ՀԱՊԿ-ում նման դեպքի համար են ստեղծված Արագ արձագանքման հավաքական ուժերը: Այսօր նրանք էլիտար զորքերի ավելի քան 22 հազար մարտիկներ են: Եվ մատակարարման, և հանդերձավորման, և ուսուցման առումով դրանք իսկապես էլիտար ստորաբաժանումներ են ամբողջ տարածաշրջանի համար: Պոտենցիալ ագրեսորին պատասխանելու բան կա»:

Դատելով ամենից, Ռուսաստանը կամ հավատում է «Թալիբան»-ի խոստումներին, կամ, ինչն ավելի տրամաբանական է, ձևացնում է, թե հավատում է, քանի որ այժմ դրանից բացի, այլ տարբերակ չունի. Աֆղանստանի կառավարությանը ռազմական օգնություն տրամադրելը և արդյունքում աֆղանա-տաջիկական սահմանի վրա ու նույնիսկ սահմանից այս կողմ «Թալիբան»-ի հարձակումները վաստակելը Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, մեղմ ասած, ձեռնտու չէ:

Հարկ է նկատի ունենալ, որ «Թալիբանն» այժմ զինված է Աֆղանստանից հեռանալիս ԱՄՆ-ի թողած (տողերիս հեղինակի խորին համոզմամբ, հեռահար հաշվարկով ընդդեմ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միտումնավոր թողնված) միլիարդավոր դոլարների զենք-զինամթերքով, ռազմական տեխնիկայով ու սարքավորումներով: Ռուսաստանը նախընտրել է այս փուլում չեզոքություն պահպանել, իսկ ՀԱՊԿ-ն որոշել է այժմ դեռ միայն տեխնիկապես աջակցել Տաջիկստանին` սահմանային հսկողությունն ուժեղացնելու նպատակով:

 

Տեսանյութը ` այստեղ

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան