Ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի թափվում Մեղրի գետը. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները 5 տարուց ավելի է, ինչ փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանցիները հատուկ փոխել են Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միանում Մեղրի գետին, այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լրջագույն խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»,- հայտարարեց Թաթոյանը։

ՄԻՊ-ը հավելեց, որ Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կառույցներում այդ հարցերը բարձրացնելու լայն հնարավորություններ ունի։