Հույսերս կապում եմ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր ուժերի հետ, որոնք կընդունեն Արցախի մասին հայտարարությունը․ Սոֆյա Հովսեփյան

«Փաստացի դուրս է գալիս, որ Արցախի դեօկուպացիային վերաբերող այս կարևոր հայտարարությունը ուղղակիորեն անտեսվում է, մեկ անգամ ևս չէին ուզենա խոսել այս հարցի շուրջ ԱԺ ամբիոնից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից Արցախի ապագային առնչվող հայտարարությունը չընդունելուն:

«Հերթական անգամ անտեսում են Արցախի կարգավիճակի, Արցախի բռնազավթված վիճակի մասին խոսելը, գիտեին, որ մարտ ամսին արդեն հենց Արցախի խորհրդարանում հայտարարությունը նույնպես տարածվել է, եթե 7-րդ գումարման ԱԺ-ում մենք չկարողացանք հայտարարությունը ընթերցել, հույսերս կապում եմ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր ուժերի հետ, որ կընդունեն հայտարարությունը և հետագա օրենքի նախագծերը»,- ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը անտարբերություն է ցուցաբերում Արցախին վերաբերող հարցերի շուրջ, և այս քայլով նրանք նույնպես պետք է իրենց դիրքորոշումը հայտնեին, իրենց տրված էր այդ հնարավորությունը:

«Մեկ անգամ ևս կարող ենք փաստել, որ առաջնային կարևորը ոչ կարևորից տարբերելու չկարողությունն է, այս օրերին քննարկվեցին նախագծեր, որոնց բացակայությունը որևէ կերպ մեր երկրում ճգնաժամային իրավիճակ չի ստեղծել կամ որևէ կարգավորում չի բերելու»,- նշեց պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը ընդգծեց՝ եթե գործող ուժը ցանկություն ունենար բարելավվել կառավարությունը, կբերեր կարողունակ կադրերի:

«Նրանք կհորդորեն, կպահանջեն հանուն հայրենիքի ծառայել և իրականացնել այն կարևոր ծրագրերը, որոնք դրել ենք մեր առջև և պետք է անենք: Եթե այս թիմը կարողունակ լիներ, ապա 4 տարվա մեջ չէր մսխի այն հեղափոխությունը, չէր դառնա նախորդներից բեթար, ամենաթողություն եղավ, անունն էլ՝ թավշյա մանդատ, որը փոխարինում ենք պողպատե մանդատով»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը: