Այսպես կոչված պետական ապարատը փորձում է իրականացնել քաղաքական տեռոր․Վահե Հակոբյան

Այս պահին գլխավոր դատախազության դիմաց իրականացվում է բողոքի ակցիա։ Հավաքի մասնակից քաղաքական, հասարակական գործիչներ, բժիշկներ իրենց բողոքն են արտահայտում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ։

«Հայաստանի  գլխավոր դատախազությունն այսօր վերածվել է իմպոտենտ մարմնի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով, ինքը 9 տարի աշխատել է այդ համակարգում, սակայն հիմա տեսնում է, որ դատախազությունը դարձել է վարչապետ կոչվող անձի ձեռքի գործիք։

Անդրադառնալով ձայնագրությանը, որը հիմք է հանդիսացել Չարչյանին նախ 40 ժամով ձերբակալելու, ապա կալանավորելու համար, Վահե Հակոբյանն ընդգծեց.

«Չարչյանն ասում է, ում ուզում եք, գնացեք ընտրեք, անգամ, եթե ուզում եք, ընտրեք ՔՊ-ին։ Սա ինչ մի հարց է։ Ինձ համար անհասկանալի է առհասարակ, ինչո՞ւ Չարչյանը։ Ինչո՞ւ։ Ես լինեի, ինչ-որ տեղ կհասկանայի, բայց Չարչյանը մտավորական, իրենից կախված են շատ կյանքեր։ Ասեմ՝ ինչու։ Այսպես կոչված պետական ապարատը փորձում է իրականացնել քաղաքական տեռոր, մարդկանց աչքը վախեցնի, այդ թվում մեր համակիրների»։

Հիշեցնենք, Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ մինչ որոշման հրապարակումը պրոֆեսորը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ «Ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց»,- նշել էր Վարդևանյանը։