Ռուսաստանն ակնկալում է ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ԱԺ ընտրությունների արդյունքներով. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երկուշաբթի արված մեկնաբանության մեջ:

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները օրենսդրական ձևակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթացին, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով», – նշվում է մեկնաբանության մեջ:

Զախարովան շեշտել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը նշել է, որ երկրում ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, և չկան մեծ խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: «ՀԱՊԿ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԲ և ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները նմանատիպ գնահատականներ են տվել», – հավելել է նա: