Չե՛մ ճանաչում ՔՊ-ի կեղծ հաղթանակը, ազգային- ազատագրական պայքարը շարունակվելու է

Ազգային ժողովի ընտրություններն ավարտվեցին` ուղեկցվելով ոստիկանների կողմից ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչների, համակիրների, այդ թվում նաև ընտրական գործընթացի անմիջական մասնակիցների ոստիկանության բաժիններ բերման ենթարկելով, նրանց աշխատանքը խաթարելով, նրանց կողմից ընտրությունների ընթացքում օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանն ու վերահսկողությանը խոչընդոտելով, իսկ ոմանց նկատմամբ նույնիսկ աննախադեպ, դաժան ու լկտի բռնություններով:

Ոստիկանների վերոնշյալ արարքների (կատարված` ՀՀ ոստիկանության նվազագույնը գիտությամբ ու թողտվությամբ, հնարավոր է նաև` հրահանգմամբ) իրավական համապատասխան գնահատականը կտա արտաքին ու ներքին թշնամու լծից ազատագրված Հայաստանի դատարանը:

Ավելին. բացառված չէ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված հիշյալ անձանց կամ նրանց մի մասի նկատմամբ ինչ-ինչ սպառնալիքներով, բռնություններով կիրառվել են որոշակի ճնշումներ` նրանց, այսպես ասած, մշակելու նպատակով, առաջարկվել գործարքներ, որպեսզի նրանք ընտրակեղծիքների մասնակիցը կամ առնվազն լուռ հանդուրժողը լինեն: Ընտրությունների արդյունքները հենց այդ մասին են հուշում, իրականությունը կպարզեն արտաքին ու ներքին թշնամու լծից ազատագրված Հայաստանի իրավապահ մարմինները:

Ընտրություններն ավարտվեցին` ուղեկցվելով ՔՊ-ի օգտին վարչական ռեսուրսի ցինիկ, բացահայտ և լայնածավալ օգտագործմամբ:

Ընտրություններն ավարտվեցին` ուղեկցվելով նախորդած քարոզչության ընթացքում ՔՊ-ի, իշխանությունների ու նրանց սպասարկու լրատվամիջոցների կողմից ստի, խաբեության, կեղծիքի, զրպարտության, ընտրողներին մոլորեցնելու տարբեր հնարքների լայնածավալ կիրառմամբ:

Ընտրություններն ավարտվեցին` ուղեկցվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու հայության ներքին թիվ 1 թշնամու զոմբիացված զանգվածի ու համախոհների կողմից քարոզչության օրենքով սահմանված երկօրյա արգելքի խախտմամբ, բազմաթիվ անձանց կողմից ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, նրանց առաջնորդների նկատմամբ համացանցում ամենալկտի քարոզչությամբ, զրպարտությունների, սուտ մատնությունների, վիրավորանքների, հայհոյանքների, վարկաբեկիչ հրապարակումների զանգվածային կիրառմամբ:

Ընտրություններն ավարտվեցին` ուղեկցվելով որոշ սպաների կողմից զինծառայողներին ստիպելով, որ նրանք քվեարկեն իշխող քաղաքական ուժի օգտին :

Ընտրություններն ավարտվեցին` ուղեկցվելով ՀՀ գերագույն գլխավոր դավաճանին ու հայության ներքին թիվ 1 թշնամուն ծառայող անձանց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարաբնույթ այլ, այդ թվում նաև` կոպիտ օրինախախտումներով:

Նույնիսկ ընտրությունների ավարտից հետո, քվեների հաշվարկի ընթացքում Գյումրին, Վանաձորը, Արթիկը, Ապարանը, Դիլիջանն ու Արմավիրը զանգվածաբար զրկվել են էլեկտրաէներգիայի մատակարարումից, որը ստեղծել է նպաստավոր պայմաններ ընտրակեղծիքների և քվեատուփերի լցոնման համար:

Եթե էլեկտրամատակարարման վերոնշյալ ընդհատումը նույնիսկ, ինչպես ՀԷՑ-ն է պարզաբանել, հետևանքն է եղել Վրաստանի գծի անջատման, ապա ո՞վ կարող է ապացուցել, որ դա չի եղել Հայաստանից կամ, ասենք, ԱՄՆ-ից ոմանց պատվերով (չմոռանանք ՀՀ իշխանությունների սերտ հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ, ինչպես նաև այն, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի իշխանությունները նույն տիրոջ` ԱՄՆ-ի, Արևմուտքի կամ աշխարհի գլոբալիստական ուժերի կամակատարներն են):

Ի դեպ, կա՞ բացատրություն, թե Հայաստանն ինչու է էլեկտրաէներգիա արտահանող երկրից վերածվել էլեկտրաէներգիա ներմուծող երկրի, ճիշտ է, հիմա ՀԱԷԿ-ը չի գործում, բայց միաժամանակ նաև ձմեռ չէ, ամառ է, արդյունաբերություն էլ գրեթե չունենք:

Եվ ի՞նչ է` որևէ մեկը վերը շարադրվածից ու չշարադրվածից հետո կարո՞ղ է ինձ և կեղծված ընտրությունների արդյունքները չընդունող այլ անձանց պարտադրել ընդունել դրանք…

Բարոյական և իրավական հիմքերն ունեմ (կարծում եմ, ինձանից բացի, շատերը նույնպես…)` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կեղծ հաղթանակը չճանաչելու, ազգային- ազատագրական պայքարը շարունակելու և բոլոր հայերին նույն պայքարի կոչն անելու համար:

 

Արթուր Հովհաննիսյան