Երեխաների վերականգնողական կենտրոնի կարողությունների ընդլայնման անհրաժեշտություն կա․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է.

«Երեխաների իրավունքների պաշտպանության օրը այցելել եմ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի երեխաներին և մասնակցել նրանց համար կազմակերպված միջոցառմանը։

Ուրախ էի տեսնել, որ կենտրոնն իր կարողությունների շրջանակներում անում է ամեն ինչ երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեբանական զարգացման համար՝ հնարավորություն տալով նրանց ապրել լիարժեք, առողջ և երջանիկ կյանքով։

Կենտրոնը ոչ միայն տրամադրում է ֆիզիոթերապիայի, լոգոպեդիայի ծառայություններ և նկարչության, կերամիկայի, փայտի փորագրության, խեցեգործության, երաժշտության և սպորտի խմբակներ, այն նաև կարևորագույն առաքելություն է իրականացնում ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներին հասարակությանը ինտեգրելու հարցում։

Պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կատարվում են աշխատանքներ յուրաքանչյուր երեխայի անհատական կարողությունները բացահայտելու և դրանք խթանելու ուղղությամբ՝ ինքնավստահություն և ինքնուրույնություն հաղորդելով նրանց սեփական ուժերով հաջողությունների հասնելու համար։

Կենտրոնի կարողությունների ընդլայնման անհրաժեշտություն կա, որը պայմանավորված է պատերազմից հետո վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող անձանց թվի աճով։
Այս կարևորագույն հարցի լուծման համար ակնկալում ենք թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների, թե՛ միջազգային հումանիտար կազմակերպությունների աջակցությունը»։