Վանք՝ բլրի վրա. «ՌԻԱ Նովոստին» պատմել է` ինչ է կատարվում Դադիվանքում պատերազմից հետո

«Դադիվանք` առանց զենքի: Սեղանին ենք դնում դանակները, հրազենը»,-բանակային տոնով հրամայում է ուղղափառ քահանա Բորիսը: Այնուհետև մարդիկ դժգոհելով դուրս են գալիս «Կամազ»-ներից:

«Մենք զինվորականներ չենք: Մենք ուդիներ ենք` Անդրկովկասի փոքր ժողովուրդ: Քրիստոնյաներ` Ադրբեջանից»,- բացատրում է տղամարդը և ամբոխին ուղղում դեպի վանքը: Բայց նրանց ճանապարհը կտրում են հայ վանականները:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն առաջիններից մեկն է, որ այցելել է Քարվաճառի շրջանը՝ այն Բաքվի վերահսկողությանը հանձնելուց հետո և լսել Դադիվանքի պատկանելիության վերաբերյալ վեճերը:

Անսպասելի հանդիպում

Հայերն ու ադրբեջանցիները սառն են  դիմավորում միմյանց: Հայր Բորիսը, փորձելով թուլացնել լարվածությունը, հուզված բացականչում  է. «Ա՛յ քեզ հանդիպում: Եկել եմ շնորհավորելու ռուս խաղաղապահներին Զատկի տոնի կապակցությամբ, բերել եմ զատկական քաղցրավենիքներ, և ահա` դուք: Քրիստոս հարյավ ի մեռելոց, եղբայրնե՛ր»:

«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-չոր պատասխանում են ուդիներն ու փորձում շրջանցել հայերին:

«Եկեղեցում պատարագ է: Սպասե՛ք», – ասում է Դադիվանքի հայ համայնքի ղեկավար, աբեղա Ներսես Հարությունյանը:

Ադրբեջանցի ուխտավորները վրդովված են:

«Մենք այստեղ էինք Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, նրանք մեզ ներս չթողեցին: Դարձյալ ինչ-որ պատճառներ եք փնտրում», – վրդովվում է  մարդը` ներկայանալով որպես Ռաֆիկ Դանակարի: Ուղղափառ քահանան ուդիներին հրավիրում է պատարագ մատուցելու վանքի մատուռներից մեկում: Նրանք դժկամորեն, բայց համաձայնում են:

Իրավիճակը լիցքաթափելով՝ գոհ հայր Բորիսը, ռուս խաղաղապահներին կանգնեցնելով Դադիվանքի առջև, ասես շքերթի ժամանակ լինի, բարձր բացականչում է. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

«Դադիվանքը գտնվում է Քելբաջարում (Քարվաճառի շրջան): Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո այս տարածքներն անցել են հայերին: Նոյեմբերին Բաքուն վերադարձրել է տարածքները, բայց հարց է առաջացել, թե ում են պատկանում քրիստոնեական սրբությունները: Այժմ Դադիվանքը հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, իսկ վանքը դարձել է փոքր անկլավ Ադրբեջանի մեջտեղում: Աբեղա Ներսես Հարությունյանը մարտին է գլխավորել Դադիվանքի հայ համայնքը: «Ես կուսակրոն եմ: Եվ նրանք, ովքեր այստեղ ապրում էին ինձանից առաջ, հեռացան իրենց ընտանիքներով: Հիմա այստեղ միայն վանականներ կան», – բացատրում է վանահայրը:

Հայերը Դադիվանքն իրենցն են համարում: Նրանք հղում են անում վանքի հիմնական մասունքներին՝ սուրբ Դադիի մասունքներին, որոնք խորանին  հայտնաբերվել են պեղումների ժամանակ:

«Դադին Թադեոս առաքյալի աշակերտն էր և քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի արևմուտքում: Նայեք սարկոֆագի վերևում գտնվող այս հին որմնադրությանը: Նա հայկական ոճի մեջ է», – նշում է աբեղան:

Խոսակցությանը միջամտում է նրա օգնական Տիգրան սարկավագը. «Դադիվանքը կոչվում է նաև Խուդովենգ: Հայերեն «խութ» բլուր է, «վանք»՝ վանք: Ստացվում է «վանք` բլրի վրա»: Նայեք շուրջը, թե մենք ինչ բարձրության վրա ենք»:

Վանականները զգուշանում են ալբանա-ուդիական փոքր համայնքից (ընդամենը տաս հազար մարդ):  Ղարաբաղյան իրադարձություններից առաջ ալբանական եկեղեցին ենթակա էր հայկականին: Բայց հիմա Ադրբեջանում հայկական եկեղեցիներ չկան:

«Բաքուն սատարում է ուդիներին, բայց քրիստոնեական եկեղեցիները չեն ճանաչում նրանց: Ես գիտեմ, թե ով է ինձ ձեռնադրել: Իսկ նրա՞նք»,-հարցնում է սարկավագը:

Ուդիները Դադիվանք հանուն հավատի չեն գալիս. հայերի համոզմամբ`քաղաքականության պատճառով:
Ըստ նրանց, Ադրբեջանը Ղարաբաղում գտնվող հայկական սրբավայրերը նպատակային վերանվանում է ալբանականի:
«Քելբաջարից հեռանալով՝ մեր ժողովուրդը տներն այրեց և իր հետ տարավ քրիստոնեական մասունքները: Նրանք վախենում էին, որ ադրբեջանցիները կպղծեն դրանք», – նշում է աբեղա Հարությունյանը:

Խաղաղության պարտադրում

Շուրջը միայն լեռնային բնապատկերներ են: Երևում են նաև տների ածխացած պատերը: Պատուհաններ, դռներ չկան, տանիքի սալիկները կոտրված են: Վանքի վանահայրը ձեռքով ցույց է տալիս մերձակայքը: Վանքի դիմաց ամրություններ են, անցակետ: Ռուսաստանի դրոշը ծածանվում է քամուց:

«Եթե չլինեին խաղաղապահները, մենք այստեղ չէինք լինի: Պատերազմից հետո վանականները չէին ուզում մնալ, նրանք վախենում էին, բայց Մոսկվան պաշտպանեց»,-նշել է հոգևորականը:

Աբեղան բողոքում է, որ հայերը դեռ ի վիճակի չեն ազատորեն այցելել Դադիվանք. «Ստեփանակերտից  հավատացյալները կիրակի օրերին գալիս են փոքր խմբերով: Նրանց հետ մեզ սնունդ են բերում: Մի անգամ ինչ-որ ձգձգում եղավ, և այստեղ կրկին խաղաղապահներն օգնեցին: Բաքուն սահմանափակումները  բացատրում է կորոնավիրուսով»:

Հայ վանականները խոստովանում են, որ ղարաբաղյան պատերազմներից հետո դժվար է վերականգնել  վստահությունը ժողովուրդների միջև: Բայց նրանք կոչ են անում «սովորել միմյանց հետ գոյակցել»:

Ադրբեջանի ուդիական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին աբեղային Աստվածաշունչ է նվիրում և հրավիրում տոնական սեղանի մոտ: Հայ հոգևորականները հրաժարվում են՝  վկայակոչելով համաճարակը: Ադրբեջանցիները  սեղան են նստում առանց նրանց: