Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել ԼՂ հեռավոր բնակավայրեր

Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Խնկավան և Չափար հեռավոր բնակավայրեր:

ՌԴ ՊՆ տեղեկացմամբ երկու բնակավայրում ներկա պահին բնակվում է 1000 մարդ: Նրանցից շատերն օգնության կարիք ունեն։

Հումանիտար ակցիայի շրջանակում խաղաղապահները բնակիչներին են փոխանցել առաջին անհրաժեշտության իրեր, կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ, խաղալիքներ և օրորոցներ երեխաների համար, ինչպես նաև դեղամիջոցներ:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին մոտ 155 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել, որոնք ուղարկվել էին Հայաստան ռուսական բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից: