Իրանը չի ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանի փոփոխություն. «Նեզավիսիմայա գազետա»

«Նեզավիսիմայա գազետա»ն հոդված է հրապարակել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Բաքու և Երևան այցերի մասին, և այդ համատեքստում նկատել, որ Իրանը միանում է հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի կարգավորմանը:

«Թեհրանը մտահոգված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չհամաձայնեցված սահմանագծումը վտանգ կներկայացնի Իրանի շահերին, քանի որ փոփոխություններ տեղի կունենան երկրի հյուսիսային սահմաններին»,- գրում է աղբյուրը և մեջբերում թեմայի վերաբերյալ Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազևի կարծիքը:

«Զարիֆի այցի նպատակը տարածաշրջանում իրավիճակի ուսումնասիրությունն է: Դժվար թե որևէ համաձայնագիր կնքվի․ դա փորձ է՝ առավել տեղեկացված լինելու տեղի ունեցող իրադարձություններից, որպեսզի ծրագրեր և կանխատեսումներ կազմվեն»,- գրում է Կնյազևը:

Ըստ փորձագետի՝ Իրանը մտահոգված է երկու անդրկովկասյան երկրի հետ սահմանային կայունության և Հայաստանի ու Ադրբեջանի հետ նախագծերն ավարտին հասցնելու հարցով:

«Թեհրանում Ադրբեջանին այսօր վերաբերում են որոշակի զգոնությամբ՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ նրա սերտ ռազմական համագործակցությունը, իսկ դա նշանակում է՝ թուրքական ռազմական ներկայություն Կասպյան տարածաշրջանում, ինչն Իրանին ընդհանրապես դուր չի գալիս: Բաքու-Թել Ավիվ ինտենսիվ համագործակցությունը ևս դրականորեն չի ընկալվում Թեհրանում»,- ասել է Կնյազևը, ապա նաև նկատել, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ Իրանի համագործակցության մասով խնդրահարույց նախագծեր չկան:

«Դրանց թիվը (խմբ․՝ խնդրահարույց նախագծերի) զգալիորեն ավելի քիչ է, քան Ադրբեջանի հետ: Սակայն Թեհրանը հետաքրքրված չէ իր սահմանամերձ գործընկերների ձևակազմի փոփոխությամբ: Խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը գործնականում երկարացնում է Իրանի սահմանն Ադրբեջանի հետ: Զարիֆը կուսումնասիրի այդ հարցերը, քանի որ կողմերը հակասական հայտարարություններ են անում: Իրանի համար շահավետ կլիներ ձգձգել ստատուս-քվոյի պահպանումը և խուսափել Հայաստան-Ադրբեջանի հակամարտության սրացումից, ինչն ստիպում է Իրանին իր ռեսուրսները ծախսել սահմանամերձ շրջաններում իր անվտանգության ոլորտի ուժեղացմանը»,- կարծում է փորձագետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում