Արա Զոհրաբյանը դիմել է վարչական դատարան, որպեսզի այն պաշտպանի քաղաքացիների իրավունքը և իրավական հիմք տա Զինված ուժերին՝ չենթարկվել սահմանը կամ դիրքերը լքելու հրամաններին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես տեղեկացրել եմ, փաստաբան գործընկերներիս հետ դեռևս 2021թ. հունվարին դիմել ենք ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի:

Վարչական դատարանից խնդրել ենք պարտավորեցնել վերը նշված գերատեսչություններին չզիջել և պահպանել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմաններին կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից 27.01.2021 թվականի դրությամբ փաստացի զբաղեցված դիրքերը և տարածքները:

Դատարանից խնդրել էինք նաև կիրառել հայցի ապահովման միջոց այն նպատակով, որպեսզի պաշտպանության նախարարը կամ գլխավոր շտաբի պետն իրենց վերադասի՝ դիրքերը լքելու հրամանը չկատարելու իրավական հիմք ունենային: Վարչական դատարանը մերժել էր մեր միջնորդությունը: ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբն էլ հայտարարում էին, որ իրենք սահմանների պաշտպանությունը պատշաճ իրականացնում են:

Այս ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի ինքնիշխան սահմանների ներխուժում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերը առանց դիմադրության կիլոմետրերով մտել են Հայաստանի հողի մեջ:

Այսօր՝ 24.05.2021թ., գործընկերներիս հետ նույն վարչական գործով ներկայացրել ենք հայցի ապահովման մասին նոր միջնորդություն, ՀՀ վարչական դատարանից խնդրելով՝

– Արգելել ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ սեփական նախաձեռնությամբ կամ վերադասի պահանջով, հրամանով, հրահանգով զիջել կամ լքել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանները (սահմանային և այլ մարտական դիրքերը), ինչպես նաև թուլացնել դրանց պաշտպանությունը:

Հուսանք, որ վարչական դատարանը կպաշտպանի քաղաքացիների իրավունքը և իրավական հիմք կտա Զինված ուժերին չենթարկվել սահմանը կամ դիրքերը լքելու հրամաններին»: