ԵԽ-ում Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում հայ գերիների հարցի քննարկման դեմ

Եվրոպական խորհրդարանում մայիսի 20-ին նախատեսվող՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում։

Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը  թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Եվրոպական խորհրդարանի անդամներին Ադրբեջանն ուղարկում է մտահոգիչ նամակներ, ապա ներկայացրել է նամակներից հատվածներ։

««Հակագրոհ» ու «հումանիտար իրավունքի հարգում» Արցախի պատերազմում՝ ՍՈՒՏ, կրոնական հուշարձանների պահպանում՝ ՍՈՒՏ»,-գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ուղարկվող նամակներում Ադրբեջանի պնդումները, թե Ադրբեջանը «հակագրոհ» է ձեռնարկել ի պատասխան Հայաստանի հարձակման, Ադրբեջանը խստորեն պահպանել է միջազգային հումանիտար իրավունքը։

Նամակներից մեկում նշվում է, թե Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության մասին և որ իր բարի կամքն էլ ցույց է տալիս՝ թույլատրելով հայերին այցելել Դադիվանք, ու նաև սկսել է «նախկին ալբանական Ղազանչի եկեղեցու» վերանորոգումը։

Օրերս ՄԱԿ մամուլի խոսնակ Ստեֆան Դյուջարիկն ընդգծել էր անխոչընդոտ մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, նշելով, որ դա հնարավոր չէ Ադրբեջանի պատճառով:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծն է։ Ռազմագերիների հարցի քննարկումը տեղի կունենա մայիսի 20-ին, որից հետո կլինի քվեարկություն։