Լրագրողները պահանջում են վերացնել տեղեկատվական բլոկադան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են լրագրողներ Էդուարդ Սարիբեկյանը, Արմինե Եփրեմյանը։

Լրագրողները ստեղծել են «Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնությունը և մտադիր են պահանջել իշխանություններից` վերացնել տեղեկատվական բլոկադան և կազմակերպել հնարավոր օբյետիվ լուսաբանում այսօր Հայաստանի սահմանային այն վայրերից, որոնք ենթարկվում են ադրբեջանական ագրեսիայի։

Տևական ժամանակ է` ԱԱԾ-ի նախաձեռնությամբ օրենք է ընդունվել, որով արգելվում է ցանկացած մեկի կողմից տեսա և լուսանկարահանող սարքերով գտնվել սահմանային վայրերում, լուսանկարել և լուսաբանել, թե այնտեղ ինչ է տեղի ունենում։ Ինչո՞ւ են նման արգելքներ սահմանվել և որքանով են դրանք իրավաչափ։ Լրագրողների խոսքով, իշխանությունները խախտելով ազատ տեղեկատվության մասին օրենքն ու Սահմանադրության դրույթները՝ արգելել են լրատվամիջոցների ակտիվ աշխատանքը սահմանային գործընթացներում, քանի որ նրանք հասարակությունից գաղտնի և ոչ հայանպաստ գործողություններ են իրականացնում։

Հաղորդման հյուրերն ասացին, որ այսօր առավել, քան երբևէ նվաստացված է լրագրողի կոչումը, ու խոչընդոտվում է նրանց աշխատանքը, ինչն անհանդուրժելի է, և հարկավոր է միավորվել լրագրողական համայնքով ու քայլեր ձեռնարկել դրա դեմ։

Իշխանությունները լրագրողներին մեղադրում են մեդիատեռորի մեջ այն դեպքում, երբ լրատվամիջոցների համար տեղեկատվության բոլոր աղբյուրները փակ են, իրավասուները չեն խոսում և որևէ պարզաբանում չեն տալիս, իսկ գերատեսչությունների կողմից սխալ և զգոնությունը բթացնող տեղեկություններ են տարածվում, որոնք հետո հերքվում են տեղի ունեցող իրադարձություններով։

Ի՞նչ է հարկավոր անել։ Այսօր երեկոյան Գարեգին Նժդեհի արձանի մոտ լրագրողները ստորագրահավաք են կազմակերպել, և հույս ունեն, որ համայնքը գոնե այս հարցում միասնական կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում