Սոցապնախարարին ամենայն հավանականությամբ կփոխարինի վերջերս մանդատաթող եղած ուսապարկ Նարեկ Մկրտչյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցրել է պաշտոնավարումը, որը ստանձնել էր ընդամենը վեց ամիս առաջ՝ նախորդ տարվա նոյեմբերին։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում (դե բնականոն է՝ «Ֆեյսբուքով» իշխանության եկած և «Ֆեյսբուքով» կառավարում իրականացնող իշխանությունների դեպքում նման կարևոր ու պաշտոնական տեղեկատվությունը սոցիալական ցանցով հրապարակելը)՝ այսպիսի անընկալելի բովանդակությամբ․ «Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար»։

Փաստորեն նախարարն արձանագրել է, թե Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել զարգացման ծրագրերի բնակարանաշինության փուլ։ Նրա այս հայտարարությունը ցանկացած արցախցու ծիծաղին կարժանանա թերևս։ Ինչպես նշում են նախարարության աշխատակիցները՝ նշանակման օրվանից Մեսրոպ Առաքելյանն իր կաբինետից դուրս չի եկել և չի շփվել աշխատակիցների հետ, նրանց հետ կապը պահել է բացառապես իր քարտուղարի միջոցով։ Դա ակնհայտ է, քանի որ նա աշխարհը տեսնում է իր կաբինետի պատուհանից՝ ամենևին պատկերացում չունենալով, թե ինչ է կատարվում Արցախում, Հայաստանում։ Բայց մեղք չգործենք մեր խղճի դեմ, չգիտեմ, թե որքանով են նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանի խոսքերը ճիշտ, բայց նա, տեղեկանալով Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի մասին, ողջունել է նրան և նշել, թե Մեսրոպ Առաքելյանը «հետպատերազմյան Արցախի համար այս ծանրագույն օրերին եղել է Արցախի կողքին` լուծելով անլուծելի թվացող անթիվ սոցիալական մարտահրավերներ` Արցախն արագ ոտքի կանգնեցնելու և ապրեցնելու նվիրման շնորհիվ»։

Ամեն դեպքում, մեզ հետ կապ պահպանող արցախցիները պարբերաբար պատմում են, որ իրենք երբեմն անելանելի սոցիալական վիճակում են գտնվում, շատերն այսօր էլ դեռ անօթևան են, շատերի տները ռմբակոծություններից կիսավեր են, աշխատանք չունեն, արցախցիների մեծ մասը դեռ Հայաստանում են, քանի որ վերադառնալու տեղ չունեն, աշխատանք ևս, և դեռևս կարողանում են ապրել պետության և տարբեր բարեգործական կազմակերպությունների տրամադրած ֆինանսական օգնությունների շնորհիվ, իսկ օգնություն խնդրող արցախցիների թիվը պատերազմից հետո այդպես էլ չի նվազում։ Բայց սա այլ թեմա է։

Իրականում ինչո՞ւ է Մեսրոպ Առաքելյանը լքում սոցապնախարարությունը, իրո՞ք իր առաքելությունն այնտեղ ավարտած է համարում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա մտադիր է ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել՝ դժգոհ լինելով իր իսկ ծնած ու սնած իմքայլականների հակահայկական գործունեությունից։

LIVEnews.am-ի աղբյուրի տեղեկություններով՝ ղեկը կհանձնվի ապրիլի 21-ին մանդատաթող ԱԺ իմ քայլական պատգամավոր Նարեկ Մկրտչյանին, որի անունն առաջին անգամ հանրությունը իմացավ այդ օրը։ Նույն օրն արդեն տեղեկություն եղավ, որ նա աշխատանքի կանցնի կառավարությունում և այդ պատճառով է մանդատը վայր դրել, ոչ թե խղճի խայթոցի հետևանքով։ Անհայտ այս պատգամավորը մասնագիտությամբ պատմաբան է, ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2013 թվականին ստացել է մագիստրոսի որակավորում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների բաժնում։ Շատ խորամուխ չլինենք նրա կենսագրական տվյալներում՝ նշելով միայն, որ 31 տարեկանում, ըստ Վիքիպեդիայում տեղադրված բավականին ճոխ կենսագրության, այս նախկին պատգամավորը լավ էլ խոստումնալի կրթություն և աշխատանքային փորձ ունի։ Ըստ Վիքիպեդիայի՝ Նարեկ Մկրտչյանը դասախոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի և Վրաստանի հեղինակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում։ Մի կողմ թողնենք, որ Վրաստանում ու Էստոնիայում մեզ հեղինակավոր ու համաշխարհային համբավ ունեցող բուհեր հայտնի չեն և արձանագարենք, որ այսպիսի կրթական որակ ու մասնագիտական փորձ ունեցող պատգամավորի համար առնվազն տարակուսելի է, որ երեք տարի շարունակ նրա մասին երբևէ որևէ մեկս ոչինչ չի լսել, նրա ձայնը գոնե թե նկատելի ձևով չի հնչել ԱԺ ամբիոնից, որևէ խելամիտ ու պետության համար նպաստավոր նախագծի տակ նրա անունը չենք կարդացել։ Հուսանք, որ այս կարկառուն մտավորականի (խնդրում եմ գրածս մի քիչ հեգնանքով ընկալել) բոլոր դիպլոմներն ու աշխատանքները կեղծ, սարքովի չեն, և եթե իսկապես նա պետք է աշխատանքի անցնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ապա պատուհաս չի դառնա ոչ նախարարության աշխատակիցների, ոչ պետության, ոչ սոցապնախարարության անհրաժեշտությունն օդուջրի պես ունեցող քաղաքացիների համար։

Թագուհի Ասլանյան