Սյունիքն այս 10-20-ը չէ, Սյունիքում ապրում է 140 հազարից ավելի մարդ, մեծամասնությունն ատում է Նիկոլին. Վահե Հակոբյան

Իշխանություններն իրենց կարճ խելքով մտածում են, թե հասել են իրեն նպատակին՝ համայնքների ղեկավարներին բերման ենթարկելով

«Իմ տվյալներով, 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել, ընդ որում՝ բոլորն ապօրինի։ Մարդկանց խաբել կամ առևանգել են, նստեցնելով մեքենաներ՝ մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել են անգամ մարզից։ Հիմա ես գիտեմ, որ Քննչական կոմիտեում Մխիթար Զաքարյանն է, նրան անհասկանալի պայմաններում, համոզելով՝ բերեցին Երևան։ Ամբողջ ճանապարհին ընթանում էին շատ արագ ու մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ։ Մենք չգիտենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին որ ուղղությամբ են տարել, ու այսպես՝ մի շարք մարդկանց»,- նշեց Վահե Հակոբյանը։

Ըստ Վահե Հակոբյանի, իշխանություններն իրենց կարճ խելքով մտածում են, թե հասել են իրեն նպատակին՝ համայնքների ղեկավարներին բերման ենթարկելով։

«Սկզբից որոշել էին ինձ բերման ենթարկել, բայց հետո հասկացել են, որ դրանից հետո Սյունիքում մեծ ընդվզում կսկսվի, դրա համար որոշել են ներքևից վերև գան, որ մասնատելով գան։ Իհարկե, իրենք չարաչար սխալվում են, Սյունիքն այս 10-20-ը չէ, Սյունիքում ապրում է 140 հազարից ավելի մարդ, մեծամասնությունն ատում է  Նիկոլին, հասկանում են՝ նա ինչ բերեց Սյունիքի գլխին»,- շեշտեց նա։

Վահե Հակոբյանը նաև ընդգծեց, որ սյունեցին ոչ միայն Սյունիքի հարցն է բարձրացնում, այլ ամբողջ Հայաստանի։