Իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ինչպե՞ս պիտի աշխատեն արտաքին հարթակներում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի քննարկումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իր վրա էր սևեռել հանրության ուշադրությունը։ Հետաքրքրական է, որ գերիների հարցի արծարծումով իշխանություններն ընտրություններին ընդառաջ փորձում են հանրությանը ցույց տալ, որ արտաքին քաղաքականության և մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում իրենք անում են այն քայլերն, ինչ անհրաժեշտ է։

Սակայն սա տպավորություն է միայն առաջին հայացքից։ ԵԽԽՎ-ն արդյունքում ոչ մի բանաձև կամ որոշում չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով։ Ինչպես բազմաթիվ ոլորտներում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են միայն այն ժամանակ, երբ վիճակը դառնում է կա՛մ օրհասական, կա՛մ էլ դանակը ոսկորին է հասնում։

Այսինքն՝ համարյա միշտ ուշացած։ Այնինչ, պետք էր, որ հայկական կողմը իր ողջ դիվանագիտական զինանոցն օգտագործելով՝ գերիների հարցը բարձրացներ դեռ անցյալ տարի։ Իսկ երբ ադրբեջանական կողմը վերադարձրեց միայն գերիների մի մասին, ապա հենց այդ պահից անհրաժեշտ էր անցնել համապատասխան քայլերի։ Ու հարցն այն է, որ պետք չէր սահմանափակվել միայն գերիների խնդրով։

Օրինակ՝ ինչո՞ւ միջազգային տարբեր հարթակներում բանաձևեր առաջ չեն մղվել Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Արցախ ուղարկելու վերաբերյալ։ Այս հարցի շուրջ միջազգային մամուլում շատ է գրվել, իսկ վերջերս էլ հրապարակումներ եղան, որ թուրքական կողմը հրաժարվել է սիրիացի գրոհայիններին վարձատրել։ Թուրքիան փաստացի օգտագործել է այդ մարդկանց սոցիալական ծանր վիճակը, նրանց ձեռքերով իր ռազմաքաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով։

Միգուցե անհրաժեշտ էր, որպեսզի հայկական կողմը կոնկրետ ապացույցներով հատուկ ծավալուն հետաքննություն անցկացներ վարձկան-ահաբեկիչների թեմայի շուրջ և այն դարձներ միջազգային հանրության սեփականությունը։ Մյուս կողմից էլ՝ բավարար կերպով չի բարձրաձայնվում Արցախում, ինչպես նաև Նախիջևանում ու Ադրբեջանի այլ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը իսպառ ոչնչացնելու Բաքվի գործողություններին համարժեք գնահատական տալու հարցը։

Այս խնդրով պետք է որ հիմա մեր խորհրդարանականները օր ու գիշեր աշխատեին տարբեր երկրների բարեկամական խմբերի հետ։ Այնինչ, այսօրվա խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից շատերն անգամ քաղաքական առումով իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ուր մնաց, որ կարողանային աշխատել այլ երկրների խորհրդարանական խմբերի հետ։

Հենց հայկական կողմի վարած անատամ արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ԵԽԽՎ նիստի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների տրամաբանությանը հակառակ հայտարարությամբ՝ որևէ խոսք չասելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ էներգակիրներ է արտահանում եվրոպական երկրներ և օգնում է Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծման իր շուկան։ Եվ պատահական չէ, որ Արևմուտքը ոչ միայն լրջորեն հաշվի է նստում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, այլև ավելին՝ փորձում է Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները՝ մասնավորապես թուրքմենական գազը, հասցնել Եվրոպա։

Այս իրողությանն ի պատասխան, հայկական կողմն էլ կարող է օգտագործել հայկական սփյուռքի ունեցած ներուժը, եթե, իհարկե, սփյուռքահայերի ունեցած պոտենցիալը հայրենիքի համար կիրառվի արդյունավետ ու նպատակաուղղված կերպով, այլ ոչ թե իշխանությունների պրիմիտիվ պատկերացումների համաձայն, երբ գործողությունները տեղավորվում են միայն ցույցերի կամ ճանապարհներ փակելու տրամաբանության մեջ։

Շատ ծավալուն աշխատանք է պետք տանել տարբեր երկրների պաշտոնական շրջանակների հետ։ Ու հատկապես Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունից դժգոհ երկրների սատարումը ստանալու համար անհրաժեշտ է շեշտադրումը կատարել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան գործուն մասնակցություն ունենալով Արցախում ծավալված ռազմական գործողություններում՝ փորձում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը»։