Արցախի ԱԽ-ում քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախի էներգետիկ համակարգի կրած մեծ վնասների հարցը
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ ապրիլի 20-ին, հանդիպում է ունեցել «Shtigen Energy Systems» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի և նույն ընկերության արցախյան ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։
Արցախի ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացվել վերականգնվող էներգիայի համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերության ընդհանուր գործունեության վերաբերյալ տեղեկություններ։
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի կրած մեծ վնասներին, ինչով պայմանավորված՝ անհրաժեշտ է ողջամիտ ժամկետներում ձեռնարկել միջոցներ էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ։
Վիտալի Բալասանյանը կարևորել է հետպատերազմական ժամանակաընթացքում Արցախում գործարար միջավայրի վերաակտիվացմանն ուղղված քայլերը և ողջունել այստեղ գործունեություն ծավալելու վերաբերյալ «Shtigen Energy Systems» ընկերության ծրագրերը։