Եթե դուք Բորիս Ավագյանին ազատում եք աշխատանքից, ի՞նչ եք ուզում կանխել. Վարդան Աթաբեկյան

Չեմ կարծում, որ Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը որևէ աղմկահարույց հայտարարություն է արել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։

Նա հայտնեց, որ երեկ ինքն էր Ավագյանին հրավիրել աշխատանքային քննարկման։

«Բորիս Ավագյանին հրավիրել ենք այստեղ, որպեսզի աշխատանքային քննարկում անենք գերիների հետ կապված հարցերով, տեսնենք՝ ինչպես կարող ենք խումբ ձևավորել, ու այդ խումբն ինչքան նպաստավոր կլինի։ Իրեն ԱԺ շենքից դուրս ուղեկցելիս իրեն զանգ եկավ, տեղեկացրին, որ Արայիկ Հարությունյանն իրեն ուզում է ազատել աշխատանքից։ Ինձ համար դա շատ անթույլատրելի երևույթ է, որովհետև դրանով հարվածում է նա ՀՀ Ազգային ժողովի ինստիտուտին։ Մամուլում հրապարակեցին, որ նա չի հանդիսանում փոխնախարար, այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ պատգամավորները չեն հասկանում՝ ում են կանչում  աշխատանքային քննարկում անելու։ Եթե դուք Բորիս Ավագյանին ազատում եք աշխատանքից, ի՞նչ եք ուզում կանխել, այսինքն, որ այդ աշխատանքային խումբը չստեղծվի, գերիների հարցով չզբաղվեն, նպատակը ո՞րն է։ Ի՞նչ աստիճանի ցանկություն ունեք ազատելու, որ նույնիսկ չեք համբերում հաջորդ օրվան. այսինքն՝ իրեն մի ժամվա մեջ ազատում եք աշխատանքից»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Ավագյանը պաշտոնական դիրքն է չարաշահել՝ ԱԺ պատգամավորն ասաց. «Մամուլում հրապարակվել է Ավագյանի ցանկացած խոսք, որտե՞ղ է պաշտոնական դիրքի չարաշահում։ Եթե ինքն իր ունեցած ինֆորմացիան, լավ գիտակցելով՝ որն է գաղտնիք հանդիսանում, որը՝ չէ, կիսվել է պատգամավորների հետ»։

Հարցին, իր կարծիքով, արդյոք Ավագյանը երեկ քաղաքական հայտարարություն չի՞ արել, Աթաբեկյանն ասաց. «Մենք հանդիպել էինք գերիների հարցով զբաղվելու համար, որևէ քաղաքական բան չկար։ Եկել է խորհրդարան երեկվա միջադեպից հետո քննարկենք, հասկանանք՝ մենք հնարավորություն ունե՞նք շարունակելու։ Նա ասում է՝ Մուրադովը և ինքը զբաղվում են գերիների հարցով, ասում է՝ անթույլատրելի է, որ ՀՀ ԱԺ պատգամավորը գերիներին ծնողներին ասում է՝ դիմեք դեսպանին, թող դիմի Վլադիմիր Վլադիմիրիչին. այսինքն՝ մեր քաղաքացին պիտի դիմի մեր պաշտոնյային։ Երբ որոշ հայտարարություններով մեղքը բարդում են Մուրադովին, ինքը համարում է, որ ինչ-որ մասով էլ իրեն են մեղադրում, իսկ ինքը լավ գիտի՝ ինչ ջանք են գործադրել։ Այսինքն՝ որևէ բան դու չես կարող խոսել, կվերագրեն քաղաքական հայտարարություն»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանից են ակնարկել, որ Ավագյանին ազատեն աշխատանքից, Աթաբեկյանն ասաց. «Միգուցե, չեմ կարող բացառել, որովհետև որևէ մեին հասկանալի չի։ Սկզբում իրենք մամուլում շրջանառեցին, որ Ավագյանը չի հանդիսանում, ստացվեց, որ ԱԺ պատգամավորները չեն հասկացել՝ ում հետ են հանդիպում, հետո դա շտկեցին ու ասացին՝ հիմա ենք ազատել։ Երեկ իմ դեմն են եկել, իր ձեռքից համազգեստը, զենքը վերցրել։ Եթե դուք այդպիսի կարգ եք տեսել, որ սրճարանում պաշտոնյայի ձեռքից զենք են վերցնում, համենայն դեպս ինձ ծանոթ չի այդպիսի կարգ»։