Առողջապահության նախարարությունը «AstraZeneca»-ով պատվաստվողներից թաքցնում է թրոմբների առաջացման ու նույնիսկ մահվան վտանգը, կամ էլ…2

Սկիզբը` այստեղ

Հայաստանում ռիսկային խմբերում գտնվող 55 և բարձր տարիքի անձանց COVID-19–ի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութով չեն պատվաստելու, պոլիկլինականերում մերժելու են նրանց խնդրանքը (թերևս բացառությամբ ծանոթ-բարեկամների…): Առաջարկելու են պատվաստվել «AstraZeneca»-ով, որի վտանգավորության, ինչպես նաև «Спутник V»-ի և այլ պատվաստանյութերի համեմատ ցածր արդյունավետության վերաբերյալ հրապարակումները, ներառյալ` մասնագետների ելույթները, արտերկրում ու մեր երկրում հաջորդում են միմյանց: «Спутник V»-ով պատվաստումները ՀՀ-ում սկսվելու են հաջորդ շաբաթվանից:

Երևանում այսօրվանից սկսվել են բրիտանա-շվեդական «AstraZeneca»-ով պատվաստումները, որով պատվաստում են միայն 55 ու բարձր տարիքի, միաժամանակ ռիսկային նախորոշված խմբերում գտնվողներին, մասնավորապես` բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդներին, տարեցների խնամքի կենտրոնի բնակիչներին և աշխատակիցներին, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներին և աշխատակիցներին, 65 և բարձր տարիքի անձանց: Ինչո՞ւ են «AstraZeneca»-ով և «Спутник V»-ով պատվաստումների տարիքային որոշակի սահմանափակումներ կիրառվում…

Ինչպես երեկ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարությունը, «Հաշվի առնելով Եվրոպական դեղերի գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի վերաբերյալ տարածված հայտարարությունը` պատվաստանյութի և թրոմբոէմբոլիկ բարդությունների միջև հավանական կապի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներկրված Սպուտնիկ-ՎԻ պատվաստանյութի սահմանափակ քանակությունը` անհրաժեշտություն է առաջացել սահմանել ռիսկի խմբերում դրանց կիրառման տարիքային որոշակի սահմանափակումներ» (ընդգծումը` մերը):

Դեղերի եվրոպական գործակալությունը դեռ ապրիլի 6-ին է հայտարարել «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբոէմբոլիկ բարդությունների միջև կապի մասին, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ իր հրապարակած տեղեկատվության մեջ նշել է սոսկ հավանական, այսինքն` հնարավոր կապի մասին, այլ կերպ ասած, իրավիճակը ներկայացրել է հնարավորինս մեղմ գույներով: Հարկ կա՞, արդյոք, բացատրելու, թե ինչու…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , Եվրամիության կարգավորիչը` Դեղերի եվրոպական գործակալությունը, ապրիլի 6-ին հաստատել է «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբոզի կապը: Նշված գործակալության (EMA) մամուլի քարտուղարը հաստատել է կապը «AstraZeneca»-ով պատվաստումների և թրոմբոզի միջև: Այս մասին EMA-ի մամուլի քարտուղար Մարկո Կավալերիին վկայակոչելով, հայտնել է «Le Figaro»-ն:

«Այժմ մենք կարող ենք ասել, որ ակնհայտորեն կա (թրոմբոզի.- Ա. Հ.) կապ պատվաստանյութի հետ, – ասել է Կավալերին մեկ այլ լրատվամիջոցի` իտալական «Il Messaggero» թերթին տված հարցազրույցում:- Ինչն է առաջացնում այս արձագանքը, մենք դեռ չգիտենք»:

EMA մամուլի քարտուղարն ասել է նաև.

«Մենք ձգտում ենք ճշգրիտ պատկերացում կազմել կատարվածի մասին, պարզել, թե ինչպես է պատվաստանյութն առաջացնում այդ կողմնակի ազդեցությունը: Պատվաստվածների շրջանում երիտասարդների մոտ գլխուղեղի թրոմբոզի դեպքերի թիվն ավելին է, քան մենք սպասում էինք: Մենք պետք է սա ընդունենք»:

Հակահամաճարակային Ալյանսը (Anti-epidemic Alliance) ապրիլի 11-ին իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ Ա. Ավանեսյանը միտումնավոր թաքցնում է «AstraZeneca»-ի կողմնակի ազդեցությունները, գրել է .

«Հինգշաբթի (ապրիլի 8-ին. Ծ. Հ.) կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա. Ավանեսյանին ուղիղ հարց տվեցին, թե ինչ կողմնակի ազդեցություններ ունեն Քովիդ-19-ի դեմ պատվաստումները:

Նա պատասխանում է, որ բոլոր պատվաստանյութերը ունեն հստակ նշված իրենց կողմնակի ազդեցությունների մասին տեղեկատվություն, հիմնականում դրանք թեթև ջերմություն, մկանացավ և մի շարք այսպիսի կողմնակի ազդեցություններ են, իսկ մինչև պատվաստումն իրականացնելը բուժաշխատողը պարտավոր է դրա մասին տեղեկացնել քաղաքացուն:

Դժվար թե Ավանեսյանը չգիտի, որ ապրիլի 6-ին Դեղերի եվրոպական գործակալության ներկայացուցիչը հաստատել է AstraZeneca-ով պատվաստման և ցերեբրալ թրոմբոզների առաջացման միջև կապը, որոնք արդեն տասնյակ մահերի պատճառ են դարձել:

Ինչո՞ւ է նա միտումնավոր թաքցնում դա ու փաստացի կեղծ տեղեկություններ հայտնում: Գուցե նախարարությունը խնդիր է դրել ամեն գնով իրացնել 24000 AstraZeneca-ի գնված խմբաքանակը, որի համար պատրաստ է նույնիսկ բնակչությունից թաքցնել այդ կողմնակի ազդեցությունները»:

«Նորից պիտի շեշտեմ, որ պատվաստումը այն կարևոր միջոցառումն է, որը պիտի կանխարգելի և օգնի, որ մենք, ի վերջո, այս համավարակի, համաճարակի էջը փակված համարենք մի որոշ ժամանակ հետո»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը:

Իսկապե՞ս… Կա՞ այդ վստահությունը` համավարակի էջը փակված համարելու, և որտեղի՞ց…

Նախ, ինչպես Ավանեսյանն ասաց հարցերից մեկին պատասխանելով, գիտությանը դեռ հայտնի չէ` կատարվող պատվաստումը բավարար կլինի՞ անձին իր հետագա կյանքի ընթացքում կորոնավիրուսով վարակվելուց, COVID-19–ից պաշտպանելու համար, թե յուրաքանչյուր տարի կամ որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ կլինի պատվաստումները կրկնել: Կարծում ենք, հենց վերջինը, ինչպես սեզոնային գրիպի դեպքում է պահանջվում պատվաստումները որոշակի պարբերականությամբ կրկնել:

Երկրորդ. կորոնավիրուսը, ինչպես արդեն հայտնի է, շարունակաբար մուտացիայի է ենթարկվում, և միանգամայն սպասելի է, որ ներկայում հայտնի ու կիրառվող պատվաստանյութերը չեն կարողանա մարդուն պաշտպանել վիրուսի այն բոլոր շտամներից, որոնք ասպարեզ կգան առաջիկայում:

Ի վերջո, նախարարությունն ինքն էլ ուղղակի պատասխան չի տալիս` «Արդյոք COVID-19–ի դեմ պատվաստանյութը պաշտպանո՞ւմ է COVID-19–ից» հարցին: Պատասխանը հետևյալն է. «COVID-19–ի դեմ պատվաստանյութը վարժեցնում է իմունային համակարգը, որպեսզի այն ճանաչի վիրուսը և պայքարի կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի դեմ»:

Ըստ մեկ այլ հարցի նախարարության պատասխանի, «COVID-19–ի դեմ պատվաստանյութը վարժեցնում է օրգանիզմին, որպեսզի այն արտադրի հակամարմիններ, որոնք կպայքարեն COVID-19–ի վիրուսի դեմ»: Այո, վերոնշյալ պատասխանները ճիշտ են, բայց իմունային համակարգը ո՞ր վիրուսը ճանաչի…

Պարզ է, որ այն վիրուսը, որը հայտնի է, և պատվաստվելուց հետո օրգանիզմը դրա դեմ հակամարմիններ կարտադրի, բայց եթե տվյալ վիրուսն առաջիկայում էական մուտացիայի ենթարկվի, ներկայում հայտնի շտամներից էականորեն տարբերվող շտամներ ի հայտ գան, COVID-19–ի դեմ այժմ կիրառվող պատվաստանյութերն ինչպե՞ս են վարժեցնելու իմունային համակարգը, որպեսզի այն ճանաչի մի բան, որը դեռ նոր է, նախկինում անհայտ ու պատվաստանյութի ստեղծման ժամանակ հաշվի չառնված:

Պատվաստումը լիարժեք պաշտպանություն չի ապահովում, ինչն առողջապահության նախարարությունն ինքն է խոստովանում: Հնարավո՞ր է, որ պատվաստվելուց հետո մարդը վարակակիր անձից կամ վիրուսով ախտահարված շրջապատից վարակվի կորոնավիրուսով և նույնիսկ հիվանդանա, հետևաբար պե՞տք է հետևել հակահամաճարակային կանոններին` պահպանել սոցիալական հեռավորություն, կրել շնչադիմակ, հաճախակի ախտահանել կամ լվանալ ձեռքերը: Ըստ նախարարության, այո՛, «Պատվաստումը նվազեցնում է հիվանդության ծանր դեպքերն ու մահացությունը»:

Առողջապահության նախարարությունը երեկ լրագրողներին տրամադրեց «COVID-19–ի դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախ հնչող հարցերի բուկլետ», որում գրված է, որ «COVID-19–ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս»: Ուզում ենք հավատալ սրան, բայց երբ ծանոթացանք «AstraZeneca» պատվաստանյութի` Դուբլինի Ազգային Իմունիզացիոն Գործակալության ձեռնարկին, առաջացավ հետևյալ հարցը` չի պարունակում կենդանի՞ վիրուս, թե ամբողջական վիրուս… Դրանք էապես տարբեր բաներ են:

Եթե COVID-19–ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը կենդանի վիրուս չի պարունակում, ապա վերոնշյալ ձեռնարկում ինչո՞ւ է գրված, որ պատվաստանյութի սրվակի պարունակության թափվելու դեպքում մակերեսը պետք է ախտահանել հակավիրուսային ախտահանիչներով։ Սիրով կհրապարակենք ՀՀ առողջապահության նախարարության պատասխանն այս հարցին, եթե պատասխան ունի:

 

Արթուր Հովհաննիսյան