Միամտություն է կարծելը, թե ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողն անտեղյակ է «AstraZeneca»-ի վտանգներին, բայց…

Միամտություն կլինի կարծել, թե ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութի վտանգավորության, ցածր արդյունավետության, ընդհանրապես, «AstraZeneca»-ի վերաբերյալ առկա տեղեկատվությանը, և այդ պատճառով է, որ օրերս Հայաստան է ներկրվել նշված պատվաստանյութի 24 000 դեղաչափ, մոտ 155 000 էլ դեռ ներկրվելու է:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք COVID-19 վարակի դեմ պատվաստանյութերի միջազգային եզրակացություններին և կայացվել է որոշում, որ «AstraZeneca»-ն բերվելու է Հայաստան, և այդ պատվաստանյութը օգտագործվելու է». այս մասին ապրիլի 1-ին, Tert.am-ի տեղեկացմամբ , լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

««Մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca»-ի և մյուս բոլոր պատվաստանյութերի հետ կապված: Այո, մենք այն ներմուծելու ենք, որոշումն այդպիսին է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը»:

Ընդգծենք, որ վերը մեջբերվածն առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի ուղղակի ու հրապարակային խոստովանությունն է, որ ինքը և նախարարությունը քաջատեղյակ են այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca»-ի հետ կապված:

Շատ լավ է, որ հետևում ու տեղյակ են «AstraZeneca»-ի հետ կապված բոլոր գործընթացներին, հետևաբար եթե Հայաստանում առաջիկայում «AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո որևէ մեկը, Աստված մի արասցե, թրոմբից մահանա կամ առաջացած թրոմբի հետևանքով առողջական լուրջ խնդիր ունենա, Անահիտ Ավանեսյանը, նախարարությունը քրեական կամ դատական պատասխանատվության առջև կկանգնեն որպես կանխամտածված արարքի հեղինակներ: Այսինքն` ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք համապատասխան ողջ տեղեկատվությանը տիրապետելով հանդերձ, կազմակերպել են բնակչության թեկուզ մի մասի պատվաստումը «AstraZeneca»-ով, թաքցրել են դրա վտանգավորության վերաբերյալ առկա տեղեկատվությունը, հակառակը` «AstraZeneca»-ն ներկայացրել են դրականորեն:

Այսպիսով, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը և Անահիտ Ավանեսյանը, վերջինիս հայտարարության համաձայն, ուշադրությամբ հետևում են այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում նաև «AstraZeneca»-ի հետ կապված, ուրեմն արդեն տեղյակ են, որ Նիդեռլանդները կողմնակի ազդեցությունների առաջացման պատճառով 60 տարեկանից ցածր անձանց շրջանում այս ամսվա սկզբից դադարեցրել է բրիտանա-շվեդական «AstraZeneca»-ով պատվաստումը:

Ավելին. Նիդեռլանդները տվյալ պատվաստանյութով պատվաստումը 60 տարեկանից բարձր անձանց շրջանում էլ է դադարեցրել, սակայն ի տարբերություն 60-ից ցածր տարիքի անձանց, մինչև ապրիլի 7-ը: Երկրի իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցությունների շարքում պատվաստվածների մոտ արձանագրվել է նաև ծանր թրոմբոզ: Այս մասին Նիդեռլանդների առողջապահության նախարարության վրա հղում կատարելով, տեղեկացրել է «De Limburger» թերթը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդների բնակչուհին «AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո մահացել է թոքերի էմբոլիայից։

ՀՀ առողջապահության նախարարությունը և Անահիտ Ավանեսյանը տեղյակ են նաև, որ, Նիդեռլանդների հետ գրեթե միաժամանակ, Սլովենիան նույնպես դադարեցրել է մինչև 60 տարեկան բնակիչների պատվաստումը «AstraZeneca»-ով:

Ինչպես պարզաբանել է Սլովենիայի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը, իշխանությունները որոշել են սպասել ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք կարող են ցույց տալ կապն «AstraZeneca»-ի օգտագործման և պատվաստված մարդկանց արյան թրոմբների առաջացման միջև:

Հիշյալ նախարարությունն ու նախարարի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ են նաև, որ ապրիլի 3-ի դրությամբ Եվրամիության 15-ից ավելի երկրներ դադարեցրել են պատվաստումը «AstraZeneca»-ով` պատվաստվածների մոտ գրանցված թրոմբոէմբոլիկ բարդությունների պատճառով:

Ավելին. ՀՀ առողջապահության նախարարությունը և Անահիտ Ավանեսյանն արդեն տեղյակ են նաև, որ ընդամենը 3 օր առաջ Եվրամիության կարգավորիչը` Դեղերի եվրոպական գործակալությունը, հաստատել է «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբոզի կապը: Նշված գործակալության (EMA) մամուլի քարտուղարը հաստատել է կապը «AstraZeneca»-ով պատվաստումների և թրոմբոզի միջև: Այս մասին EMA-ի մամուլի քարտուղար Մարկո Կավալերիին վկայակոչելով, հայտնել է «Le Figaro»-ն:

Մոտ ապագայում այդ մասին առավել հանգամանորեն կհայտարարի Դեղերի եվրոպական գործակալությունը: Ըստ Մարկո Կավալերիի, ԵՄ կարգավորիչը դեռ պետք է պարզի, թե ինչպես է պատվաստանյութի օգտագործումն առաջացնում ուղեղի երակային թրոմբոզ:

«Այժմ մենք կարող ենք ասել, որ ակնհայտորեն կա (թրոմբոզի.- Ա. Հ.) կապ պատվաստանյութի հետ, – ասել է Կավալերին մեկ այլ լրատվամիջոցի` իտալական «Il Messaggero» թերթին տված հարցազրույցում:- Ինչն է առաջացնում այս արձագանքը, մենք դեռ չգիտենք»:

EMA մամուլի քարտուղարն ասել է նաև.

«Մենք ձգտում ենք ճշգրիտ պատկերացում կազմել կատարվածի մասին, պարզել, թե ինչպես է պատվաստանյութն առաջացնում այդ կողմնակի ազդեցությունը: Պատվաստվածների շրջանում երիտասարդների մոտ գլխուղեղի թրոմբոզի դեպքերի թիվն ավելին է, քան մենք սպասում էինք: Մենք պետք է սա ընդունենք»:

Նույնիսկ ԵՄ կարգավորիչն է ընդունում վերոնշյալ կապը, խոստովանում, որ պատվաստված երիտասարդների շրջանում գլխուղեղի թրոմբոզի դեպքերի թիվն ավելին է, քան իրենք սպասում էին, իսկ «AstraZeneca»-ով ՀՀ բնակչության ռիսկային խնբերին պատվաստելու հարցում, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ Անահիտ Ավանեսյանն այս ամենը չի ընդունում:

Ավելին. դավաճան Նիկոլի իշխանությունում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը մի առիթով նույնիսկ ժխտել է վերոնշյալ կապը, համենայն դեպս, արդեն իսկ տեղյակ լինելով ԵՄ կարգավորչի մամուլի քարտուղարի վերոնշյալ հայտարարությանը, այդ մասին չի հայտնել մեր հասարակությանը, տվյալ տեղեկատվությունը չի հանրայնացրել, «AstraZeneca»-ով պատվաստումները դադարեցնելու վերաբերյալ հանձնարարական չի տվել: Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` մեղքն իր վիզը, հնարավոր հետևանքների համար ինքը և նախարարությունը ենթակա կլինեն պատասխանատվության:

 

Արթուր Հովհաննիսյան