Ինչո՞ւ ԱԳ նախարարությունը հայտարարություն չի անում. Էդմոն Մարուքյան

«Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա, իրենք նայելու, ասելու են՝ մի պուրակ բացեցինք, ամբողջ երկիր խառնվել է իրար»,- ԱԺ այսօրվա հերթական նիստում  անդրադառնալով Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման հարցին՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ հայկական սոցիալական ցանցերը ողողված են Ադրբեջանի հանցագործ քաղաքական իշխանության հայտարարություններով և հարցրեց. «Իսկ ինչով ենք դրան հակադրվում»:

Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչո՞ւ ԱԳ նախարարությունը հայտարարություն չի անում:

«Հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, ձեզ թվում, է որ ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա»,- հայտարարեց Մարուքյանը և պնդեց, որ պետք է գործ արվի, ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը:

Նա հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո պատգամավորական խմբով ինքը գնացել է Արցախ և փաստահավաք առաքելություն իրականացրել, դրանից հետո լոբբինգ են արել, որ այդ փաստերով ԱԳՆ-ը աշխատի, բայց վերջինս դա չի արել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վերջին պատերազմը: