Իրանն անկասկած պատասխանելու է Կարմիր ծովում Saviz նավի դեմ հարձակմանը․ Իրանի ԶՈՒ ավագ մամուլի խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ավագ մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլվազ Շեքարչին ասել է, որ Իրանը «հաստատ» պատասխանելու է Կարմիր ծովում իրանական առևտրական նավի դեմ հարձակմանը, հայտնում է Tehran Times-ը։

Գեներալը նշել է, որ իրանական Saviz նավի վրա հարձակման պատասխանը կլինի այն ժամանակ, երբ բացահայտվի հարձակման աղբյուրը։

«Մենք պետք է պարզենք միջադեպի աղբյուրը։ Եթե հայտնաբերենք հարձակման աղբյուրը, մենք անպայման պատասխանելու ենք և երբեք չենք լռելու», – ասել է Շեքարչին և հավելել, որ իրանական կողմի կասկածով` հարձակման հետ կապ ունեն  Իսրայելն ու Միացյալ Նահանգները: Նա շեշտել է, որ Վաշինգտոնն անկասկած մասնակցում է Իսլամական Հանրապետությունը խարխլելու ցանկացած փորձի։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող նավը Կարմիր ծովում հարձակման էր ենթարկվել։

The New York Times-ի հաղորդմամբ՝ իրանական Saviz նավի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Իսրայելցի պաշտոնյաներն առ այժմ ոչ մի մեկնաբանություն չեն տվել։ Սակայն ամերիկացի պաշտոնյան, ով խոսել է անանունության պայմանով, թերթին հայտնել է, որ իսրայելցիները Միացյալ Նահանգներին տեղեկացրել են՝ իրենց ուժերը տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին հարված են հասցրել իրանական նավին:

Թերթը նշում է՝ նավի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իրանի և աշխարհի խոշորագույն տերությունների միջև 2015 թ. միջուկային համաձայնագրին ամերիկյան մասնակցության վերականգնման շուրջ բանակցությունների առաջին օրվա ընթացքում առաջընթաց է գրանցվել: Իսրայելը վճռականորեն դեմ է այդ համաձայնագրի վերականգնմանը, որից նախկին նախագահ Թրամփի վարչակազմը հրաժարվել էր երեք տարի առաջ: