Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, Դիզափայտ լեռան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին, այլևս ոչինչ չի խոսվում

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, Դիզափայտ լեռան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին, այլևս ոչինչ չի խոսվում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Որևէ մեկը չի բացատրում, թե ի՞նչ պայմանավորվածության հետևանքով, ինչպե՞ս մեր գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի հսկողության ներքո, ինչո՞ւ զինաթափվեցին մեր ստորաբաժանումները և ինչպես նրանց մի մասը հայտնվեց գերության մեջ։

Հիշեցնեմ, որ այդ գյուղերը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է լինեին հայկական վերահսկողության ներքո։

Այն մարդիկ, ովքեր մեզ համոզում են, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ ձևով չեն խոսում կամ հղում չեն անում նույն հայտարարությանը՝ որի համաձայն, Հին Թաղերն ու Խծաբերդն էլ պետք է լինեին Արցախի վերահսկողության տակ։

Ստացվում է, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է, իսկ Հայաստանի անունից ստորագրողը միայն լուռ համաձայնվողի և զիջողի դերում է։ Ու այս ամենը ճիշտ այնպես, ինչպես այդ հայտարարության մշակման և ստորագրման ժամանակ էր»,- գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Աբրահամյանը։