ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դիմումը գերիների նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառումը չեղարկելու մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չորեքշաբթի որոշում է կայացրել «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր խորագրով միջպետական հայցերի գործերով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, դատարանը հաստատել է միջանկյալ միջոցների կիրառման կարևորությունն այդ գործերի շրջանակներում և մերժել է դրանք չեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:

Նշվում է, որ ներկայիս լսումները պայմանավորված են եղել Ադրբեջանի իշխանություններից դեկտեմբերի 3-ին ստացված դիմումով, որում երկրի կառավարությունը խնդրել էր ՄԻԵԴ-ին կասեցնել միջանկյալ միջոցների մասին գործի քննությունը, քանի դեռ դիմումատուները չեն ապացուցել, որ իրենք դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե:

Ադրբեջանական կողմը պնդում էր, որ գերիների մասին բարձրացված հարցերը վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին, և դիմումատուներից ոմանք չեն կարողացել պատշաճ կերպով հիմնավորել իրենց խնդրանքը դատարանի՝ միջանկյալ միջոցների մասին 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև իրենց պնդումներն առ այն, որ գերիներին անդառնալի վնաս պատճառելու իրական վտանգ կա:

Այս առնչությամբ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 16-ի իր որոշման մեջ նշում է, որ «ներկա պահին եզրակացության է եկել, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի ընդհանուր միջանկյալ միջոցը, ինչպես այն մեկնաբանվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին և հասցեագրվել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, պետք է ուժի մեջ մնա որպես հիշեցում երկու կողմերին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունների մասին»: Այդ իսկ պատճառով դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության խնդրանքն այդ միջոցը չեղարկելու մասին:

Հետևաբար, դատարանը «հաստատել է վերոնշյալ ընդհանուր միջանկյալ միջոցը և վճռել է շարունակել ենթադրյալ գերիների նկատմամբ 39-րդ կանոնի կիրառման մասին դիմումի դիտարկումը»: