Զինծառայող Վահե Բաբայանին ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել

Զինծառայող Վահե Բաբայանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: