Ալիևը դեռ չի գիտակցել իր հաղթանակի հսկայական գինը` Ադրբեջանի ինքնիշխանությունը․ The National Interest

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող, վերլուծաբան Մայք Ռուբինն անդրադարձել է Բաքվում դեկտեմբերի 10-ին կայացած «Հաղթանակի» շքերթին՝ ակնարկելով, որ Ալիևը կարճաժամկետ հաղթանակ է նշել: Նա վերլուծել է նաև արցախյան վերջին պատերազմի հետևանքները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Հեղինակը նշում է, որ Ալիևը դեռ չի հասկացել, թե ինչ գին է վճարում այս հաղթանակի համար։

«Նա դեռ չի գիտակցել իր հաղթանակի հսկայական գինը` Ադրբեջանի ինքնիշխանությունը: Ռուսաստանն ու Թուրքիան իրենց ուժերն են տեղակայել Ադրբեջանի տարածքում: Թուրքիան նաև մի քանի հազար վարձկանների է կառավարում, որոնց Ադրբեջան է տեղափոխել Սիրիայից, Լիբիայից և արաբական այլ երկրներից: Այս ուժերից և ոչ մեկն Ալիևի վերահսկողության տակ չեն: Ե՛վ Մոսկվան, և՛ Անկարան կարող են հեշտությամբ ուղղել դրանք Ալիևի և նրա ընտանիքի դեմ, եթե նա փորձի չափից շատ շեղվել Էրդողանի կամ Պուտինի թելադրանքից»,- ասվում է վերլուծաբանի հոդվածում, որը հրապարակվել է The National Interest պարբերականում:

Ինչպես նա նկատում է, «Ալիևը կարող է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի վրա, սակայն Պուտինի համար այս խաղը շատ ավելի մեծ է և ընդլայնում է իր տիրապետությունը Կովկասում, եթե ոչ նաև դրա սահմաններից այն կողմ»: «Դա ոչ թե տարածքների ընդլայնում է, այլ կառավարման բնույթի: Վերջին կովկասյան պատերազմում Պուտինը կրկին հաղթել է՝ ազդանշան տալով տարածաշրջանին, որ ռուսական ավտորիտարիզմն անվտանգություն է առաջարկում, մինչդեռ լիբերալ ժողովրդավարությունը միայն քաոս և տարածքային կորուստներ է բերում»,- գրում է հեղինակը:

Ռուբինը նշում է, որ ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Օբամայի վարչակազմերն անհրաժեշտ ուշադրություն չեն դարձրել Կովկասին: «Նրանց ռազմավարական անտարբերությունն անհաջողություն էր՝ ոչ միայն տարածաշրջանի ռազմավարական նշանակության պատճառով, այլև դրա մշակութային արժեքի: 301 թվականին Հայաստանի թագավորությունը Քրիստոնեություն ընդունեց՝ այն առաջինը հռչակելով որպես պետական կրոն և դառնալով հնագույն քրիստոնեական երկիրն աշխահում»,- նշում է հոդվածագիրը:

Վերջինս հավելում է, որ Հարավային Կովկասի երեք պետություններն էլ արդեն ժողովրդավարական հեղափոխության փորձ են ունեցել:

«…Հայաստանը, որը, թերևս, մշակութային առումով Ռուսաստանին ամենամոտ երկիրն է, նույն ուղով է գնացել. նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականին զանգվածային ցույցերի շնորհիվ… Փաշինյանը մեծապես ձգտում էր չեզոքություն դրսևորել արտաքին քաղաքականության հարցում: Մինչդեռ նա ոչինչ չարեց Հայաստանում Ռուսաստանի ազդեցությանը մարտահրավեր նետելու համար»,- նկատում է վերլուծաբանը:

«Հայերը, գուցե, հիասթափված են այն հանգամանքով, որ Ռուսաստանը շատ բան չի արել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում իրենց Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պաշտպանելու համար, սակայն հետ նայելով կարելի է փաստել, որ Հայաստանին և հատկապես Արցախի չճանաչված հանրապետությանը պաշտպանելը երկրորդական էր այն դասի համեմատ, որ Կրեմլը նախկինում արդեն տվել էր Ադրբեջանին և Վրաստանին. այն է, որ ժողովրդավարական հեղափոխությունները կարող են կարճաժամկետ քաղաքական ազատություն բերել, սակայն դրանք հանգեցնում են նաև տարածքային կորուստների և ինքնիշխանության ոչնչացման»,- եզրափակում է Ռուբինը: