«ԼՂ-ում ամենալուրջ խնդիրը կացարանների բացակայությունն է. մարտերն ավարտվել են, բայց ոմանք վերադառնալու տեղ չունեն». ԼՂՀ ՄԻՊ-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել  է, որ տարածաշրջանում հակամարտության սրացումից հետո ամենալուրջ խնդիրը կացարանների բացակայությունն է:

Պաշտպանի խոսքով, սեպտեմբերին ռազմական գործողությունները վերսկսվելուն պես, մարդիկ լքել են իրենց տները`փրկելով իրենց և հարազատներին, բայց երբ մարտերն ավարտվել են, նրանցից ոմանք տեսել են, որ վերադառնալու տեղ չունեն:

«Հակամարտության մեկուկես ամսվա ընթացքում մի քանի հազար տուն է քանդվել: Տներ կորցրածների մեծ մասը դեռ Երևանում է, ուստի այդ խնդիրը շարունակում է մնալ շատ մասշտաբային և հրատապ»,- ասել է Բեգլարյանը:

Նա նշել է, որ հարցը սրվում  է մարդկանց անվստահությամբ, որը դեռ պահպանվում է հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց:

«Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեր ժողովուրդն իրեն ապահով զգա: Սա առաջնային խնդիր է», – ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ այս ոլորտում մեծ աշխատանք է կատարվել: