Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 10)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև  հետևյալ փաստով:

Չնայած հայկական կողմի համեմատ թշնամու ունեցած ռազմական գերազանցությանը` թե՛ զենքերի ու ռազմական տեխնիկայի, թե՛ զինվորների ու սպաների քանակի առումով, չեն կիրառվել մեր զինանոցում առկա ամենահզոր միջոցները` աշխարհի ամենաարդիական, ճշգրիտ, հեռահար և Ադրբեջանի ունեցած ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի համար անխոցելի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք կարող էին փոխել իրավիճակը և թույլ չտալ այն հանրահայտ, այդ թվում նաև` անդառնալի կորուստները, որոնք ունեցանք:

Ավելին, պետական դավաճանության և այլ հանցանքների համար ցայսօր, ի անարգանք ՀՀ իրավապահ գրեթե ողջ համակարգի, դեռ չձերբակալված, չկալանավորված ու ՀՀ վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող, մասնագետներին, պրոֆեսիոնալներին իբր թե լսող, նրանց խորհուրդներին հետևող Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացարձակապես անտեսել են 2020թ. հունիսին ՀՀ անվտանգության խորհրդում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի առաջարկությունը, որ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, «մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից»: Դա չի արվել, մինչդեռ «Իսկանդեր»-ի կիրառումը և Ադրբեջանի տարածքում մի շարք կարևոր թիրախների ոչնչացումը թույլ կտար իրականացնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հիշյալ առաջարկությունը:

Օնիկ Գասպարյանն իր այս առաջարկության մասին նշել է ս. թ. նոյեմբերի 17-ի հայտնի ուղերձում  և հավելել. «Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»:

Հայկական ռազմական պորտալը` Razm.info-ն, նոյեմբերի 19-ից սկսել է  «Չկրակված հրթիռներ…» վերտառությամբ հրապարակումների շարք, որոնց համաձայն, Հայաստանի զինված ուժերը տիրապետելով «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, դրանցով այդպես էլ չեն խոցել Ադրբեջանի տարածքում գտնվող մի շարք կարևոր, ռազմավարական նշանակության թիրախներ` Սանղաչալի տերմինալը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, Եվլախի ենթակառուցվածքները, Գյանջայի իրականում հօդս չցնդած օդանավակայանը, Հաջիղաբուլի զինապահեստը:
Ավելին. վերոնշյալներից բացի, չեն ոչնչացվել նաև ռազմավարական նշանակության այնպիսի ենթակառուցվածքներ, օբյեկտներ, ինչպիսիք են սննդամթերքի և ոչ ռազմական նյութական այլ միջոցների պահեստը, Քյուրդամիրի ավիաբազան, ռազմական տեխնիկայի վերանորոգման բազաները, Լոքբաթանի ավիաբազան , «Արազ» ռազմարդյունաբերական համալիրը :

Նշված հոդվածաշարի յուրաքանչյուր հրապարակման սկզբում Razm.info-ն մեջբերել է 2017թ. մարտի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասած խոսքը.

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»:

Անդրադառնալով Սանղաչալի տերմինալին, Razm.info-ն տեղեկացրել է.

«Այս տերմինալն Ադրբեջանի խոշորագույն ու կարևորագույն նավթագազային օբյեկտն է։ Գտնվում է Բաքվից մոտ 30-35կմ հարավ-արևմուտք, Սանղաչալ ավանի հարևանությամբ։ Այն զբաղեցնում է շուրջ 500հա տարածք։ Այս տերմինալում են գտնվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառավարման կենտրոնն ու գլխամասային պոմպակայանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի գլխամասային պոմպակայանը, նավթի ու գազի պահեստավորման ու վերամշակման ենթակառուցվածքներ։

Ընդհանուր թվով տերմինալն ունի թվով նավթի 7 պահեստարան, որոնցից 3-ի տարողությունն 880,000, իսկ 4-ինը՝ 25,500 բարել է (ընդհանուր՝ 2,742,000 բարել)։ Սանղաչալի թողունակությունը կազմում է օրական 1,200,000 բարել նավթ և 29,500,000 խորանարդ մետր գազ։ Բացի ադրբեջանական նավթից ու գազից, Սանղաչալն օգտագործվում է նաև Ղազախստանից ու Թուրքմենստանից նավթամթերք արտահանելու համար»։

Չնայած «Իսկանդեր» ունենալուն, չեն խոցվել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, մինչդեռ…

«Պատերազմում բեկում մտցնելու համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) քայլերից մեկը կլիներ հակառակորդի կառավարման բարձրագույն օղակների աշխատանքը խաթարելը,- գրել է Razm.info-ն:- Ադրբեջանական զինուժի ղեկավարման բարձրագույն օղակները գտնվում են Բաքվի արևմուտքում։ Արբանյակային լուսանկարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համալիրներն են, ինչպես նաև արբանյակային կապի կայանը։ Հարևանությամբ պետական անվտանգության ծառայության շենքն է»։

Պատկերացնո՞ւմ եք, թե թշնամին ինչ ծանր հարված կստանար, եթե պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի համալիրների հետ միասին ոչնչացվեին նաև հարևանությամբ գտնվող արբանյակային կապի կայանը և պետական անվտանգության ծառայությունը: Արբանյակային կապի կայանի միջոցով է, որ Ադրբեջանը ստանում էր իր և այլ երկրների հետախուզական արբանյակներից փոխանցվող տվյալները, արբանյակային լուսանկարները, նաև այդ կերպ իմանում մեր ռազմական տեխնիկայի և համապատասխան օբյեկտների տեղերը, հաջողությամբ խոցում դրանք:

«Եվլախ քաղաքն Ադրբեջանի հիմնական կոմունիկացիոն հանգույցն է,- շարունակելով ներկայացնել Ադրբեջանի տարածքում գտնվող ու չխոցված ռազմավարական նշանակության թիրախների շարքը, գրել է Razm.info-ն:-  Նախ՝ այստեղով է անցնում Ադրբեջանն աշխարհի հետ կապող երկաթուղին, քաղաքում կա երկաթուղային կայարան ու ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջներ։ Բացի այդ Եվլախ քաղաքով են անցնում մի քանի միջպետական ճանապարհներ, որոնք իրար են կապում Ադրբեջանի արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև Ադրբեջանը Վրաստանի հետ, իսկ քաղաքի հյուսիսում ու հարավում կա ռազմավարական նշանակության երկու ավտոմոբիլային կամուրջ։

Եվլախը որպես կոմունիկացիոն խոշոր հանգույց կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի 3-րդ ու 1-ին բանակային կորպուսների մատակարարման հարցում։

Քաղաքը ոչ միայն ցամաքային, այլև օդային կարևոր հանգույց է։ Եվլախի օդանավակայանը վերջին տարիներին վերանորոգվել էր ու սկսել էր ակտիվորեն կիրառվել ռազմական նպատակներով, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ։ Այստեղ տեղակայված էին բազմաթիվ ԱԹՍ-ներ․ Աերոսթար, Հերմես 450, Հերմես 900, Բայրաքթար, ավելի փոքր հետախուզական ԱԹՍ-ներ, ինչպես նաև ԱԹՍ-ի ձևափոխված Ան-2-ներ։ Այս օդանավակայանն առանցքային դեր ունի նաև ադրբեջանական ստորաբաժանումների օդով տեղաշարժերի կազմակերպման համար։

Ընդ որում՝ Եվլախի օդանավակայանը ԼՂՀ նախկին սահմաններից գտնվում էր ընդամենը 35կմ հեռավորության վրա, այսինքն՝ սկզբունքորեն այն հասանելի էր ոչ միայն Իսկանդերի, այլև Տոչկայի ու Սմերչի հրթիռների համար»։

Ավելորդ չենք համարում հիշեցնել Azatutyun.am-ի հետ զրույցում ս. թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումն  «Իսկանդեր»-ի չօգտագործման առնչությամբ. ««Իսկանդերը» հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես («Իսկանդեր»-ի.- հեղ.) հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»:

Նախ, Արծրուն Հովհաննիսյանի վերոնշյալ պատասխանն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Իսկանդեր»-ին հայկական կողմի ունեցած համապատասխան բոլոր մյուս զինատեսակների նմանությունը շատ հեռավոր կամ մոտավոր է: «Իսկանդեր»-ից բացի, մենք օպերատիվ- մարտավարական միայն մի հրթիռային համալիր ունենք` 1962 թվականից ԽՍՀՄ սպառազինության կազմում ներառված, 80-ական թվականների արտադրության 9К72 «Эльбрус»-ը` Р-17 (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ` «Скад Би») հրթիռով, որը մի շարք առումներով էապես զիջում է «Իսկանդեր»-ին ու նրա հրթիռներին:

Եվ երկրորդ. ունենալով հանդերձ այլ հրթիռային համալիրներ, դրանց հրթիռներով ինչո՞ւ չի խոցվել, օրինակ, Եվլախի օդանավակայանը, որտեղ տեղակայված և որտեղից թռչող բազմաթիվ ԱԹՍ-ներ հայկական կողմին մեծ վնասներ էին պատճառում: Պատճառը մեկն է` պետական դավաճանությունը: «Իսկանդեր»-ի նման մեր մյուս զենքերն ինչպե՞ս են իրենց գործն արել, երբ Եվլախի օդանավակայանին և Ադրբեջանի ռազմավարական նշանակության բազմաթիվ այլ ենթակառուցվածքներին, օբյեկտներին հարվածներ չեն հասցվել: Դավիթ Տոնոյանը և Արծրուն Հովհաննիսյանը նախաքննության մարմնին պետք է տան այս հարցերի պատասխանները:

Նշեմ նաև, որ «Իսկանդեր»-ից բացի, մեր մյուս հրթիռային համալիրներով հիշյալ մի շարք այլ թիրախների հնարավոր չէր խոցել, քանի որ դրանց հրթիռների հեռահարությունը բավարար չէր տվյալ ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասնելու համար: Մենք կարող էինք պատերազմը ոչ միայն հաղթանակով, այլև թշնամու կապիտուլյացիայով ավարտել, եթե «Իսկանդեր» և այլ հրթիռային համալիրներով ոչնչացվեին Razm.info-ի նշած թիրախները կամ նույնիսկ դրանց մի մասը:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան