Ներկայացվել են թուրքական «Բայրաքթարներին» «սպանող» ռուսական համալիրները

Ռուսական զենիթահրթիռային համալիրները կարող են ոչնչացնել հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքերը, այդ թվում և թուրքական «Բայրաքթար ՏԲ2-ները»: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Военно-промышленный курьер համառուսական վերլուծական շաբաթաթերթին:

«Հարվածային անօդաչուների դեմ պայքարի արդյունավետ միջոցներից մեկը ՏՈՐ-Մ2ԿՄ համալիրներն են: Դրանք միաժամանակ հայտնաբերում են 48 թիրախ, ուղեկցում են 10-ը և խոցում 4-ը: «Բայրաքթար ՏԲ2-ները» չկործանվելու որևէ հնարավորություն չունեն՝ հայտնվելով զենիթահրթիռային համալիրի տեսադաշտում»,- ասվում է հոդվածում:

Ռուսական արտադրության մյուս միջոցն ԱԹՍ-երի դեմ «Սոսնա» զենիթահրթիռային համալիրն է, որը կարող է հայտնաբերել ինքնաթիռները 30 կմ հեռավորությամբ, իսկ թևավոր հրթիռներն ու անօդաչուները՝ 12 կմ:

Անօդաչուների դեմ պայքարի այլ միջոցների թվում նշվում են միջին հեռահարության «Բուկ-Մ2Է» և «Դերիվացիա-ՀՕՊ» զենիթահրետանային կայանքը:

Հոդվածի հեղինակը նշել է, որ Ռուսաստանը սպառազինման բավականաչափ տեսակներ ունի՝ «այդ չափից ավել սարսափելի ներկայացվող Bayraktar TB2-ի հարցերը լուծելու համար»: