Երևանի Ավագանին ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը հատկացրեց Ստեփանակերտի վերականգնմանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ավագանու նիստում, զեկուցելով «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» հարցը, հայտնեց, որ առաջարկվում է բյուջեով ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխել պահուստային ֆոնդի վարչական մաս:

«Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևան քաղաքի պահուստային ֆոնդից հատկացնել 100 մլն դրամ»,- նախագծի առաջարկության երկրորդ մասը ներկայացրեց փոխքաղաքապետը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հայտնեց, որ նախորդ տարի քաղաքապետարանին կից  ստեղծվել են ՀՈԱԿ-ներ, որոնց հատկացվել են միլիարդավոր դրամներ և նրանք իրենց չեն արդարացրել: Ավագանու անդամն առաջարկեց այդ ՀՈԱԿ-ներից որոշակի գումարներ վերցնել և տրամադրել Ստեփանակերտին, որպեսզի տեղում շոշափելի աշխատանքներ կատարվեն:

Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ նախատեսում  է նաև այլ միջոցներով աջակցել Ստեփանակերտին, բայց դրանց բնույթն այլ  է լինելու,  իսկ Մանրիկյանի առաջարկը կընդունեն և կքննարկեն:

Երևանի ավագանին միաձայն՝ 41 կողմ ձայնելով 100 մլն դրամը հատկացրեց Ստեփանակերտի վերականգնման աշխատանքների իրականացման համար: