«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գառնիկ Իսագուլյանը։

«Մեղադրանք առաջադրվեց 225.1 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպել), չհասկացա՝ ինչ մեղք եմ գործել, ռազմական դրությունը խախտել եմ և այլ որոշումներ: Բնականաբար կբողոքարկենք, ես օգտվում եմ լռելու իրավունքից, որևէ ցուցմունք չեմ տալիս, որովհետև իմ մեղքը ինձ պարզ չէ»,– ասաց նա։

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ընտրվի նոր վարչապետ, որը կունենա լավ հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակցի հետ։

«Պետք է ընտրել վարչապետ, ով արևմտյան «սորոսական» թևից չի լինի, մարդ, ով ունի փորձառություն, ով կարողացել է ծանր պայմաններում իրեն ճիշտ դրսևորել և պատերազմ հաղթել»,– ասաց նա:

«Երբ ասում են՝ հները չգան, նորերը ո՞վ են, պիտի ունենան չէ՞ փորձառություն, ոչ թե Նիկոլի նման եկավ, երկու տարում Արցախը ծախեց: Բազմաթիվ մարդիկ կան, այդպիսի մարդ է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը, ցանկացած մեկը Նիկոլի պաշտոնանկության պարագայում մի քանի օրում կարող է իրավիճակը փոխել: Պուտինի հայտարարության մեջ տողատակում շատ նյութեր կա՝ Արցախի կարգավիճակ և այլն, դեռ շատ խնդիրներ ունի լուծելու, այս ամենը նշանակում է, որ Հայաստանը Նիկոլին հանելուց հետո չպետք է բերի սորոսական մեկին»,– ավելացրեց Գառնիկ Իսագուլյանը: