Ոսկու հանքի մի մասը անցնո՞ւմ է Ադրբեջանին. պատգամավորի հարցն անպատասխան մնաց

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անպատասխան մնաց պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Սոթքի հանքի վերաբերյալ հարցը:

Թովմասյանը Կառավարությունից հարցրեց. «Հայտնի փաստաթղթից հետո Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով»:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ: Պատգամավորը հավելեց, որ այս հարցը տալիս է, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում:

Կառավարության անդամներից ոչ ոք չպատասխանեց հարցին, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, թե պատգամավորի հարցին Կառավարությունը կպատասխանի գրավոր: