ՌԴ ՊՆ հրապարակել է Արցախում խաղաղապահ առաքելության տեղակայման քարտեզը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը   հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման  քարտեզը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հաղորդելով, որ նախօրեին ռուս զինվորականները սկսել են ժամանել Հայաստան, և նրանց մի մասն արդեն  ուղևորվել է  նշանակման վայր։ Ժամանումից հետո նրանք կձևավորեն 16 դիտորդական կետեր շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։

ՌԴ ԳՇ գլխավոր օպերատիվ կառավարման պետ Սերգեյ Ռուդսկոյը հաղորդել է, որ ռուս զինվորականները զինված են ՀՄՄ-ներով և «Տիգր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով։

«Խաղաղապահ օպերացիայի իրականացման շրջանում խնդիրներ են կատարելու նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Նրանց վստահված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկության իրականացումը, բեռների ու ավտոշարասյան ուղեկցությունը»,- նշել է  Ռուդսկոյը: Նա նաև հաղորդել է, որ  հայ և ադրբեջանցի զինվորականների միջև կապի ուղիներն արդեն ձևավորված են։

«Գլխավոր շտաբի  կողմից պլանավորված են անհրաժեշտ բոլոր միջոցառումները ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար։ Խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմը հասկանում է իրեն վերապահված խնդիրների պատասխանատվությունն ու պատրաստ է   դրանց կատարմանը  ձեռք բերված պայմանավորվածությունների խստագույն պահպանմամբ»,- եզրափակել է ռուս զինվորականը։