Ինչպես են վարձկանները հավաքագրվում և ուղարկվում Ադրբեջան. «Զինուժ մեդիա»-ի ռեպորտաժը

Զինուժ Մեդիան» ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման և նրանց Ադրբեջան ուղարկելու սխեմաների մասին:

Ռեպորտաժում նշվում է, որ նախօրեին Արցախի պաշտպանության բանակը հայտարարել է ևս մեկ սիրիացի վարձկանի գերեվարման մասին: «Կարելի է վստահաբար պնդել, որ դա նման վերջին դեպքը չէ: Մարտական գործողությունների տեղայնացմանը զուգահեռ ադրբեջանական բանակը ստիպված է հարձակման անցնել փոքր խմբերով՝ հիմնականում դիվերսիոն նշանակության: Եվ, որպես կանոն, այդ խմբերի մեծ մասը կազմված է լինում հենց վարձկաններից, որոնք նմանատիպ մարտական փորձ ունեն Սիրիայից և Լիբիայից: Բնական է, որ ժամանակի ընթացքում նրանցից ինչ-որ քանակություն հայտնվելու է Արցախի բանակի ձեռքում: Երկուսն արդեն կան, և նրանք արդեն տվել են բավարար տեղեկություններ վարձկանների հավաքագրման, միջանկյալ գոտիներում կենտրոնացման և Ադրբեջան տեղափոխվելու լոգիստիկ սխեմաները հասկանալու համար: Պատկերացնելու համար, թե ինչ է նշանակում վարձկանների գործոնը Թուրքիայի իշխանությունների համար, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությամբ Անկարան այդպիսի 29 խմբավորում է ֆինանսավորում: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին նշանակությունը գործողության գոտում: Բայց նրանց բոլորին միավորում է թուրքական իշխանության վերահսկողության տակ գտնվելն ու հենց Անկարայից հրամաններ ստանալն ու կատարելը: Հիմնական խնդիրներից մեկը, որ դրված է այդ խմբավորումների առջև, Սիրիայի քրդաբնակ շրջաններում ակտիվ մարտական գործողություններ իրականացնելն է, որոնց արդյունքում քրդերը կամ կոչնչացվեն կամ էլ ստիպված կլինեն հեռանալ:  Փաստացի Թուրքիան հենց վարձկանների միջոցով է փորձում լուծել քրդերից ազատվելու խնդիրը:  Ընդ որում, հաշվի առնելով, որ վարձկանները հավաքագրվում են հիմնականում ծայրահեղ աղքատ շրջաններից, որտեղ ընդհանրապես աշխատանք չկա, ապա թուրքական իշխանությունների համար չափազանց հեշտ է դառնում քիչ թե շատ ընկալելի գումարի դիմաց անհրաժեշտ քանակությամբ վարձկաններ հավաքագրել»,- ասվում է ռեպորտաժում:

Այս առումով Ադրբեջանի հետ կապված առաջարկն ակնհայտորեն տարբերվում է, քանի որ նույն Սիրիայում կռվելու համար սիրիացի վարձկանների ամսական վարձատրությունը երբեմն 50 դոլարից չի անցնում, մինչդեռ Արցախում գերեվարված սիրիացիներին 2000 դոլար էին խոստացել: Երկու վարձկանների հայտնած տվյալներից պարզ է դառնում, որ Ադրբեջան մեկնելու առաջարկը սիրիական շրջանակներում տարածում են առավելապես «Սուլթան Մուրադ, «Համզայի դիվիզիա», «Սուլեյման շահ» և մի քանի այլ խմբավորումների էմիսարները: Առաջարկությունն ընդունողներին հավաքում են կենտրոնացման շրջաններ: Նշվում է, որ առաջին գերու պարագայում դա Քիլիս քաղաքն է, որը գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին: Այստեղ նրանց բացատրում են իրենց անելիքը, քննարկում պայմանները, բաժանում խմբերի՝ հիմնականում 250 հոգանոց: Մի քանի օր անց ցամաքային տրանսպորտով իրականացվում է խմբերի տեղափոխումը օդանավակայան, որտեղ առանց որևէ ստուգումների թուրքական ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո խմբի անդամներին բարձրացնում են ինքնաթիռ և թուրք զինվորական պատասխանատուների հետ միասին ուղարկում Ադրբեջան: Ադրբեջանում արդեն վարձկանների խմբերին տեղավորում են հատուկ առանձնացված զորամասերում, վերցնում բոլոր փաստաթղթերը, տրամադրում ադրբեջանական, որպես կանոն, սահմանապահ ծառայության համազգեստ, զինում, կցում անհրաժեշտ տրանսպորտային միջոցները, նշանակում հրամանատարներ՝ հիմնականում հավաքագրված խմբավորումների կազմից, և նշված օրն ուղարկում մարտական առաջադրանքի:

«Այլևս ակնհայտ է և անհերքելի, որ այս գործընթացն իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության անմիջական վերահսկողությամբ: Դա մանրամասն մտածված մեխանիզմ է, որը գործում է պատերազմի ողջ ընթացքում՝ յուրօրինակ հոսքագծի պես: Մասնավորապես, հետևելով օդային փոխադրումները վերահսկող ինտերնետային հարթակներին՝ կարելի է պարբերաբար տեսնել, օրինակ, չվերթներ Լիբիայից Թուրքիա, այնուհետև՝ Թուրքիայից Բաքու: Դրանք իրականացվում են մինչև հիմա, վերջինը՝ հենց այսօր: Հետևաբար` վարձկանների հավաքագրման և Արցախի դեմ պատերազմի այս հանցավոր գործունեությունը, որը նաև ծայրահեղ  վտանգներ է պարունակում ողջ տարածաշրջանի համար, այլևս վերածվել է բնականոն մի երևույթի: Եվ ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական Անկարան և Բաքուն իրենց հանցավոր գործողություններով խնդիր են ստեղծում ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ այն վերածելով ահաբեկչական խմբավորումների գործունեության նոր հարթակի»,- նշվում է ռեպորտաժում: