Թուրքիան ինչ-որ մի խոշոր ու դավադիր բան է ծրագրել ու պատրաստվում է իրականացնել հայերիս հանդեպ

Թուրքիան ինչ-որ մի խոշոր ու դավադիր բան է ծրագրել ու պատրաստվում է իրականացնել հայերիս հանդեպ, հնարավոր է, Ադրբեջանի զինված ուժերի և միջազգային ահաբեկիչների գործողությունների զուգորդմամբ: Այս հետևությանը կարելի է հանգել որոշակի փաստերի ու տեղեկությունների հիման վրա ստորև կատարված վերլուծության արդյունքում: Համենայն դեպս, պետք է պատրաստ լինել ամեն ինչի:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ժամանել է Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար:

«Մենք դարձյալ Բաքվում ենք` Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները քննարկելու և Ադրբեջանին աջակցելու մեր վճռականությունը կրկին հաստատելու համար»,- թվիթերյան իր էջում գրել է Չավուշօղլուն:

Ավելին. «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի արտգործնախարարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թուրքիայի արտգործնախարարի խոսքը հրապարակված է Ադրբեջանի նախագահի կայքում:

«Ես ժամանել եմ նախագահի հանձնարարականով,- ասել է Չավուշօղլուն:- Դուք ամեն օր խոսում եք նրա հետ, օրական առնվազն երկու անգամ, սակայն ես դարձյալ փոխանցում են Ձեզ նրա ողջույնները: Մենք ունենք նախագահի հանձնարարականը` միայնակ չթողնել Ադրբեջանին այդ գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և գործել համատեղ: Մեր պաշտպանության նախարարը, մյուս գործընկերները, Բինալի բեյը նույնպես կժամանեն: Խորհրդարանի նախագահը գտնվում է այստեղ»:

Այսպիսով Բաքվում են հավաքվել Թուրքիայի արտգործնախարարը, խորհրդարանի նախագահը, Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յիլդիրիմը, և դեռ պաշտպանության նախարարն ու Թուրքիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ (հավանաբար ՊՆ-ից) պետք է ժամանեն Ադրբեջանի մայրաքաղաք: Ինչպես ասում են, խեր լինի… Սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի, նրա պաշտպանության նախարարի ու մյուս բարձրաստիճանների այցելության պարագայում խեր լինել չի կարող, հակառակը` պետք է սպասել շառի, հատկապես այն ընթացքում, երբ Բինալի Յիլդիրիմը կլինի Ադրբեջանում:

Չենք կարծում, թե Թուրքիայի հիշյալ բարձրաստիճանների միաժամանակյա հայտնվելն Ադրբեջանում, և այն տեղեկությունը, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն ու իրենց մյուս գործընկերներն էլ դեռ ժամանելու են, պատահականություն են: Շատ հնարավոր է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի մակարդակով ինչ-որ բան է ծրագրվել մեր դեմ, որը մոտ ժամանակներս պատրաստվում են իրականացնել:

Այս ենթադրությունը կամ հետևությունը համապատասխանում է այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի, որոշում է կայացվել դիմել Ռուսաստանին՝  ելնելով ստեղծված իրավիճակից (խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Նիկոլ Փաշինյանի հայտնի նամակի մասին է):

«Ֆունդամենտալ, բազային համաձայնագիրը հենց 1997 թվականի հայ-ռուսական համաձայնագիրն է, որի վրա հղում է արվել,- ասել է Մհեր Գրիգորյանը:- Իսկ պահը որոշվել է այն հանգամանքից, թե ինչ է կատարվում ռազմական իրավիճակի հետ կապված: Կարծում եմ՝ ինչ-որ պահ է եկել, որ կուտակումները կամ դիսլոկացիան վկայել է այն մասին, որ ճիշտ կլինի արդեն իսկ այս պահին դիմել, որովհետև երևի կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է կամ սպառնալիք է, այդ թվում նաև` ՀՀ սահմանների համար: Վստահ եմ, որ այս ամենը վերլուծվել է, և զինվորականների վերլուծություններն այս իմաստով մեծ նշանակություն ունեն» (ընդգծումը` մերը):

Իսկ ինչ է` այդ իրավիճակը հիմա չկա՞… Կարծում ենք, այդ իրավիճակը հիմա էլ կա, պահպանվում է: Գրեթե կասկած չկա, որ հենց այդ իրավիճակով է պայմանավորված եղել նաև` ՌԴ նախագահին Փաշինյանի դիմումից անմիջապես առաջ, հոկտեմբերի 30-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած քննարկումը` Եվրոպայում ահաբեկիչների գործողությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ:

«Կարծիքներ են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը. «Քննարկվել է Անդրկովկասում իրավիճակը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Հայերիս դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ինչ-որ մի խոշոր դավադիր գործողության պլանավորման մասին տողերիս հեղինակի վերոնշյալ հետևություն-զգուշացումը փոխվարչապետի հիշյալ հայտարարությանը համապատասխանելուց ու նաև դրա վրա հիմնված լինելուց բացի, բխում է նաև Ստամբուլում «Wargonzo» նախագծի աղբյուրների` օրերս հայտնած այն տեղեկությունից, որ Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան:

«Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանն» անմիջապես որոշել է վրեժ լուծել ու հարձակվել Հայաստանի հարավային որոշ շրջանների վրա,- նշված է «Wargonzo» նախագծի թելեգրամյան ալիքում:-Այսպիսով՝ պատերազմն անցնում է նոր, շատ ավելի մեծ փուլ»:

Yerkir.am-ը հիշեցրել է, որ պատերազմի մեկնարկից առաջ հենց այդ` Ստամբուլում «Wargonzo» նախագծի աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին, ու, փաստորեն, ճիշտ էին դուրս եկել: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ երեկվա ճեպազրույցի ընթացքում ասել է, որ մեր ԶՈւ-ն պատրաստ է և տեղյակ է, որ առաջիկայում փորձելու են այլ ուղղությամբ հարձակվել: Գուցե նկատի ունի Հայաստանի հարավային որոշ շրջանների վրա Էրդողանի հատուկ նշանակության ջոկատների հնարավոր հարձակո՞ւմը… Մասնավորապես` հարձակումը Նախիջևանից, ինչպես նաև ռազմական գործողությունների ծավալումը Մեղրիում` մեզ Իրանի հետ սահմանից կտրելու հույսով ու նպատակադրմամբ:

Ուշադրություն դարձնենք նաև այն տեղեկություններին, որ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: «Sputnik International»-ին օրերս տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարարը չի հերքել Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ տեղեկությունները, պատասխանելով այդ կապակցությամբ տրված հարցին, ասել է.

«Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության ու Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ»:

Մեր վերոնշյալ մտահոգության, հետևություն-զգուշացման իմաստով հիշենք նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախորդ անգամ Ադրբեջան էր ժամանել պատերազմի հենց հաջորդ օրը, և այնտեղ էր ռազմական գործողությունների թեժ պահին` սեպտեմբերի 28-30-ին: Նրա հետ Ադրբեջան էր ժամանել նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիտ Դյունդարը: «Կոմերսանտ»-ի աղբյուրների հավաստմամբ, նրանք տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատի գործողությունների ընդհանուր ղեկավարումը:

Մի՞ թե հիմա էլ ինչ-որ մի վճռական գործողությունից առաջ նույնը չի նախապատրաստվում…

Թերթը հայտնել է նաև, որ ռազմական գործողությունները նախօրոք ծրագրվել ու սադրվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից: Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների, վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն սադրել է Բաքվին` ռազմական գործողություններ սանձազերծելու, խոստանալով բազմակողմանի քաղաքական և դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցություն:

Ադրբեջան Թուրքիայի պաշտպանության նախարարի և այլոց այցելության, Էրդողանի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ՀՀ հարավային սահմանների ուղղությամբ նախապատրաստվող հարձակման և այլնի վերաբերյալ հիշյալ տեղեկությունների առումով հիշեցնենք, որ այդ ամենը համապատասխանում է նաև Լեդի Գագայի «911» տեսահոլովակի վերլուծությունից բխող մեր ենթադրություններին, հետևություններին, զգուշացումներին: Մնում է միայն, որ պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն այս ամենի վրա ու ժամանակին կատարեն համապատասխան քայլեր:

Արթուր Հովհաննիսյան