Կտրուկ բարձրացնել ատոմակայանի պահպանությունն ու պաշտպանվածությունը, և ոչ միայն…

Ինչ է հուշում Լեդի Գագայի «911» տեսահոլովակի վերլուծությունը…

Սկիզբը` այստեղ 

Այն փաստը, որ «Forbes» ամսագրի կողմից 2010-2013 թթ. աշխարհի 100 ամենահանրաճանաչ կանանանց ցուցակում ընդգրկված, նշված ցուցակում 4-րդ տեղը զբաղեցնող, ըստ «Times»-ի, «փոփի թագուհի» Լեդի Գագան պատերազմից 10 օր առաջ հանդես է եկել ուղղակիորեն հայերիս (և ոչ միայն…) վերաբերվող և «911» անվանումն ունեցող տեսահոլովակում (այն ակտիվ հղմամբ ներկայացված է այս հոդվածի 1-ին մասում), արդեն իսկ լուրջ մտորումների, մտածումների, խորհրդածությունների տեղիք է տալիս:

Ամեն ինչից զատ, հարց չի՞ առաջանում, թե անբարոյականության և այլասերվածության այս խորհրդանի՜շն ուր, Հայաստանն ուր, ինչո՞ւ և ում կամ ի՞նչ ուժերի դրդմամբ է նա հանդես եկել հայերիս և Հայաստանի վերաբերյալ այս խորհրդավոր տեսահոլովակով… Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում, աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում 911-ը փրկարար ծառայության հեռախոսահամարն է, ինչ-որ առումով կարելի է ասել նույնիսկ` փրկարար ծառայության խորհրդանիշը: Տեսահոլովակի անվանումն, անշուշտ, պատահականորեն չի ընտրված, այն ունի խորհրդանշող բնույթ:

Տեսահոլովակը սկսվում է անապատի, ապա և ավազե բլրի վրա սև ձիով կանգնած և ամբողջովին սևազգեստ ձիավորի պատկերումով, որը ադրբեջանցու և Ադրբեջանի կամ (և) թուրքի ու Թուրքիայի խորհրդանիշն է (ինչպես հայտնի է, երկուսի նախնիներն էլ անապատային շրջանից եկած քոչվոր ցեղերն էին): Սև ձիավորից այն կողմ, անապատի և երկնքի հորիզոնի արանքում կապույտի այլ երանգավորմամբ պատկերված ծովից կարելի է հասկանալ, որ սև ձիավորն այժմ մի երկրից է, որը ծով ունի (պետք է նկատի ունենալ Կասպից, Սև կամ Միջերկրական ծովը):

Այնուհետև պատկերվում է սև ձիավորը` կանգնած խորհրդանշական փոսի մեջ գտնվող մի անօգնական աղջկա կամ կնոջ վերևում, որի երկինք հառած աչքերը, դեմքի մի մասը փակված է արնագույն կտորով: Նա կտորի տակից արևն ու երկինքն արնագույն է տեսնում: Այդ կինը Լեդի Գագան է և տվյալ դրվագում խորհրդանշում է հային և Հայաստանը, ինչի մասին են հուշում նաև նրա շուրջ ավազների վրա գտնվող նռերը: Վաղ քրիստոնեական խորհրդանիշ նուռը նաև հայկականի խորհրդանիշներից է: Քրիստոնեական մշակույթում նուռը հանդիսանում է հավերժական կյանքի և զատկական երջանկության խորհրդանիշ, հերթական մահից հետո անհատականության պահպանմամբ վերածննդի խորհրդանիշ (ի դեպ, հիշենք նաև Փարաջանովի «Նռան գույնը»…):

Կնոջ ձախ ոտքին, ոտնաթաթից քիչ վերև մի ուլունքաշար է ամրացված, որի 7` վեց կարմիր և մեկ այլագույն հատիկներն տեսանելի են տեսահոլովակի 0:16 վայրկյանում: 7-ը խորհրդանիշն է Աստծո և նրա կողմից իր պատկերով ու նմանությամբ Եդեմի պարտեզում (Հայկական լեռնաշխարհում) ստեղծված մեր վաղնջական նախնիների, այսինքն` հայերիս: Միաժամանակ, Սատանան նույնպես ունի իր 7-ը` տիեզերակարգին միավորների հակաշրջված դասավորությամբ, և խորհրդանշվում է այդ 7-ով: Տվյալ դեպքում դժվար է միանշանակ ասել, թե որ 7-ն է նկատի առնված` Աստծուն և հային խորհրդանշո՞ղը, թե՞ Սատանային խորհրդանշողը, որն արտահայտող ուլունքաշարի առկայությունը կնոջ ձախ ոտքին` կարելի է մեկնաբանել որպես, ըստ տեսահոլովակը ստեղծածների մտահղացման, հային ներկայացնողին Սատանայի ու նրա երկրային զորքի կապանքի ու տիրապետության տակ դրված:

Տեսահոլովակի 1:02-ին պատկերված անձանցից երկուսի գլխին ծիսական գլխարկ է դրված` վրան հռոմեական թվանշաններով IXII (911) թիվը, որը համապատասխանում է տեսահոլովակի անվանը, աշխարհում գլոբալ փոփոխությունների սկիզբ դրած (նոր աշխարհակարգի նախապատրաստական փուլ) ամերիկյան զույգ երկնաքերների խոցման ամսին, ամսաթվին, միաժամանակ գումարելով 9, 1, 1 թվերը (9+1+1) ստանում ենք 11, որը համապատասխանում է առաջիկա նոյեմբերին` տարվա 11-րդ ամսին:

Տեսահոլովակում հային միայն Լեդի Գագան չէ, որ խորհրդանշում է, դերակատարները փոփոխական են: Հարկ է ուշադրություն դարձնել նաև 1:06-ից պատկերված սևաչ, հայի թախծոտ, վշտահար դեմքով կնոջը, որը տարուբերում է, կարծես ցանկանում է քնեցնել, հանգստացնել սպիտակ սավանով փաթաթված մի մարդու` վիրավոր որդուն կամ ամուսնուն, որին խեղդամահ անելը 1:12-ից ակնարկում է Լեդի Գագան և 1:37-1:38-ի ընթացքում իրականացնում թշնամին:

Չանդրադառնալով տեսահոլովակի այլևայլ մանրամասներին, հիշեցնեմ ժողովրդական խոսքը` «ուղիղ խոսքն էշին են ասում», թեև հիշյալ տեսահոլովակում նույնիսկ ուղիղ խոսքը կա. 2:58-ից պատկերված դեղին ժապավենի վրա հայերենով չորս տեղ շատ պարզորոշ գրված է «Զգուշություն» բառը (պարզապես «Զգուշացում» բառի փոխարեն «Զգուշություն» բառն է գրված):

Հիմա թերևս ամենագլխավորի մասին. տեսահոլովակի 4:08-ից պատկերված է մի շենք, որի վերին և՛ ճակատային, և՛ կողային մասերի վրա գրված է` ARMENIAN  FILM    FESTIVAL (թարգմանաբար` ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ): Խոսքը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մասին է, որն այս տարի նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով հուլիսին չկայացավ, նախատեսվեց փառատոնի հիմնական իրադարձությունները տեղափոխել նոյեմբերի 1-8-ը :

Շենքը, որի վրա գրված է «ARMENIAN  FILM FESTIVAL», չպետք է ընկալել որպես փառատոնի ֆիլմերի ցուցադրման հիմնական վայր հանդիսացող «Մոսկվա» կինոթատրոն, տվյալ շենքը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը (ընդհանրապես, տեսահոլովակի գրեթե բոլոր դրվագներն ունեն խորհրդանշող բնույթ): Ի դեպ, տեսահոլովակի 2:45-ին տեսանելի է մի պատկեր, որի ձախ կողմում «Մոսկվա» կինոթատրոնի շենքի ուրվագծերով մի շենք է նկարված, վրան գրված` SINWMA, դիմացն էլ հրապարակի նման մի տարածք է, ինչպես «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գոյություն ունի, միայն թե այդ տարածքում և՛ գործադրված հրշեջ մեքենա կա. և՛ արնաշաղախ դիակ, և՛…

Լեդի Գագայի նմանների, «Հոլիվուդի» ընտրանու համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ-ի հետ կապված նրանց հիշողությունները, տեղեկությունները կապված են «Ոսկե ծիրան»-ի հետ, նրանք Հայաստանն առավելապես պատկերացնում կամ նախընտրում են առավելապես պատկերացնել, «ուտել» հիշյալ կինոփառատոնի միջոցով, որում մասոնները կարևոր դերակատարություն ունեն, և որի լոգոն մասոնական խորհրդանիշ է (տես` հոդվածի ներքևի լուսանկարը):

Հիշենք նաև «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ադրբեջանական և միասեռականների ֆիլմերի հետ կապված հայտնի սկանդալները… Ի դեպ, ազգությամբ իտալուհի ներկայացող Լեդի Գագան (անձնագրային անունը` Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա), որն իրականում հրեական ծագում ունի, ըստ «ՎԻՔԻՊԵԴԻԱ Ազատ հանրագիտարան»-ի, «համարվում է ԼԳԲՏ հասարակության պաշտպան», սակայն թեմայից շատ չշեղվենք:

Տեսահոլովակի 4-րդ րոպեի 8-րդ վայրկյանին ՀՀ-ն խորհրդանշող շենքի մոտ կամ վերևում հզոր պայթյուն է տեղի ունենում, ներքև են թափվում պայթյունի հրավառ արգասիքները (չշփոթել հրավառության հետ): Հաջորդող վայրկյաններին շենքի (ՀՀ-ի) դիմաց տեսնում ենք «Շտապ օգնություն» ծառայության ուղղաթիռը, ոստիկանական ավտոմեքենան, լսում նրա ձայնային հատուկ ազդանշանները («սիրենան»):

Պայթյունից առաջ և պայթյունի պահին տեսնում ենք տվյալ շենքին (ՀՀ-ին) հենած հրշեջ սանդուղքի վրա բարձրացած մի հրշեջի, որի դեղին սաղավարտի վրա կարմիր թվանշաններով գրված է` 96: Տեսնում ենք նաև գետնին ընկած, ջախջախված, մասնատված մի հեծանիվ, ավտոմեքենայի պոկված դուռ, որը տանում են հրշեջները, պայթյունի հետևանքով զոհված, գետնին ընկած մի տղամարդու, որի գլուխը գրկած լացում, հեկեկում է մի կին (դարձյալ խորհրդանշում է հայ տղամարդուն և հայ կնոջը): Տեսահոլովակի 4:24-ին և 4:25-ին տեսնում ենք երկու հրշեջի կամ փրկարար ծառայության աշխատակցի, որոնց սաղավարտների վրա դարձյալ 96 թիվն է, այսինքն` 96 թիվը տեսահոլովակում երեք անգամ կրկնվում է, ինչը բնավ պատահական չէ և խորհրդանշական կերպով արտահայտում է որոշակի իմաստ:

Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում 96 կարգաթվի տակ «կյուրի» ռադիոակտիվ իզոտոպն է : Կարելի է մտածել` հետո ի՞նչ, ռադիոակտիվ այլ իզոտոպներ էլ կան, բացի այդ, ՀԱԷԿ-ում կամ որևէ այլ ատոմային էլեկտրակայանում կուրին որպես միջուկային վառելիք չի օգտագործվում, հետևաբար այն ատոմակայանի կամ նրա ռեակտորի հետ չի կարող կապվել: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ կյուրին ոչ միայն նշված իզոտոպի անվանումն է, այլև աշխարհահռչակ ֆիզիկոս և քիմիկոս Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի (1864-1937թ.) երկրորդ (ամուսնական) ազգանունը, որը «ռադիոակտիվության» տեսության հիմնադիրն է  և աշխարհում միակ կին գիտնականը, որ երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի, մեկը` ֆիզիկայի, մյուսը` քիմիայի բնագավառում:

Բացի վերը նշվածից, կյուրին ռադիոակտիվ ճառագայթման չափման, ավելի ճիշտ, ռադիոակտիվ աղբյուրում նուկլիդի (իզոտոպի) ակտիվության չափման արտահամակարգային միավոր է, այնպես որ, «կյուրին» սոսկ ինչ-որ ռադիոակտիվ իզոտոպի անվանում չէ և վերոնշյալի առումով ընդհանրապես կապվում է միջուկային ֆիզիկայի, ռադիոակտիվ ճառագայթման, ատոմների (ռադիոնուկլիդների) ճեղքման, տրոհման, հետևաբար և ատոմային էներգիայի, ատոմակայանների կամ դրանց ռեակտորների հետ:

Թերևս ԱԷԿ-ի նկատմամբ ահաբեկչության մասին է հուշում նաև այն, որ տեսահոլովակի վերջում ջրի շիթը գետնին է ուղղված, կարծես գետինն է հովացվում, իսկ ե՞րբ կարող է գետինը շատ, շա՜տ տաքանալ…

Ինչո՞ւ է 96 թիվը կրկնվում 3 անգամ… Հոգեբանության տեսանկյունից որևէ բանի 3 անգամ կրկնվելը նշանակում է դրա վրա ուշադրություն հրավիրել (հիշենք, օրինակ, տագնապի ազդանշանը` SOS, SOS, SOS…): Ըստ Հայտնության, Սատանան նույնպես իր երրորդությունն ունի…

Նշենք նաև, որ բնավ պարտադիր չէ, որ ահաբեկչություն իրականացվի ՀԱԷԿ-ի նկատմամբ: Ահաբեկիչները դրա փոխարեն (կամ միգուցե զուգահե՞ռ…) կարող են պայթյուն կազմակերպել ՌԴ որևէ ատոմակայանում (ի դեպ, Ռուսաստանն ունի նաև Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորի տիպի ռեակտորով ատոմակայաններ), ընդ որում,  հենց այն ժամանակ, երբ, Թուրքիայի ԶՈւ լայնածավալ հարձակման հանգամանքով պայմանավորված, ռուսական զորքի միջամտության կարիքը և փրկության խնդիր կլինի: Այս առումով նշենք, որ տեսահոլովակի հենց այն հատվածում, որտեղ ժապավենի վրա մի քանի տեղ «Զգուշություն» բառն է գրված, տեսնում ենք նաև տարօրինակ մեկին` հագած զգեստ այնպիսի զարդանախշերով, որոնք կապվում են Ռուսաստանի հետ, միգուցե խորհրդանշում Ռուսաստանը:

Նկատի ունենալով տեսահոլովակի սկզբում պատկերված կոտրված, ջախջախված հեծանիվը, չի կարելի բացառել նաև ահաբեկչությունը մեր արտաքին հաղորդակցության ուղիների նկատմամբ (օդանավակայան, երկաթուղի): Ի վերջո, հնարավոր է նաև, որ տեսահոլովակը խորհրդանշում, ծածկագրված կերպով արտահայտում է նոյեմբերի 1-8-ի ընթացքում թշնամու կողմից ՀՀ-ի նկատմամբ լայնածավալ հարձակումը կամ Թուրքիայի ԶՈւ լայնածավալ ընդգրկումն այժմյան պատերազմում:

Տեսահոլովակի ետևում կանգնած ուժերի կողմից ցանկացած հանցագործություն հանցագործություն չի համարվում, եթե այդ մասին թեկուզ ծածկագրված ձևով, թեկուզ մի ամայի վայրում հանցագործը հայտնում է: Կարևորը, որ հայտնել է…

Բացի վերոնշյալից, Աստվածաշնչի համաձայն, Սատանան Աստծուն ծաղրող, տնազ անող, ծաղրորեն ընդօրինակող է: Տվյալ պարագայում, կարծում եմ, կարելի է ընկալել, մեկնաբանել, որ Սատանայի երկրային զորքը դրսևորել է իր տիրոջը բնորոշ վարք, գործելակերպ, այսինքն` Աստված փրկի՞չ է, դե, մե՛նք էլ ենք փրկիչ… Եթե Աստված նման դեպքում կզգուշացներ մարդկանց փրկելու համար, Սատանայի երկրային զորքն էլ ծաղրորեն ընդօրինակելով զգուշացրել է, բայց ծածկագրված, գրեթե անհասկանալի  կերպով, այլաբանորեն, խրտնաբանության լայն կիրառմամբ: Կարծես պատերազմում «ազնիվ» կերպով հաղթելու ու դրանից հաճույք ստանալու համար նախապես այս կերպ զգուշացրել է` մտածելով` դե, եթե կարող եք, հասկացեք, վստա՛հ, որ չենք հասկանա, կամ հասկացողի ահազանգին նրանք, ումից կախված է վերոնշյալ խնդիրների լուծումը, լուրջ չեն վերաբերվի, կամ… կուշացնեն համապատասխան միջոցների ձեռնարկումը:

 

Արթուր Հովհաննիսյան