Ուկրաինան այժմ կլիներ 1991 թվականի իր սահմաններում, եթե 2014 թվականին չխախտվեր կարգավորման համաձայնագիրը. Լավրով

Ուկրաինան այժմ կլիներ 1991 թվականի իր սահմաններում, եթե 2014 թվականի փետրվարին չխախտվեր կարգավորման համաձայնագիրը, այնինչ հիմա Ուկրաինան միայն երազում է 1991-ի սահմանների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ուկրաինան ինքն է արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկածների ձեռքով քայքայել իր տարածքային ամբողջականությունը։ 2015 թվականի փետրվարին Մինսկում  պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, և եթե դրանք կատարվեին, Ուկրաինան կպահպաներ իր տարածքային ամբողջականությունը, բայց, իհարկե, առանց Ղրիմի։

Բայց Ուկրաինան չցանկացավ պահպանել իր տարածքային ամբողջականությունը՝ Դոնբասին, Լուգանսկին, Դոնեցկին էլեմենտար ինքնավարության իրավունք տալու միջոցով»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին առաջարկին։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվայի չորրորդ առաջարկն է արդեն»,- ասել է Լավրովը։