Մենք բարեկամ պետություն չունենք, իսկ թշնամի ու անտարբերներ՝ լիքը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գեղանկարիչ,  ազատամարտիկ Նիկոլ Աղաբաբյանն է:

Արցախում ու Հայաստանում  պատերազմ է:  Թշնամին անխնա ավերում է Արցախի խաղաղ բնակավայրերը, եկեղեցի, մշակութային կոթողներ, ծննդատուն, ամեն, ամեն ինչ ռմբակոծության տակ է: Կարծես՝ անցած դարասկզբում լինենք, մի նոր ցեղասպանություն է իրականացվում հայ ժողովրդի դեմ ու աշխարհն էլ համր ու լուռ է:

Այսօր 90-ականների սերնդի հասցեին հնչում է մեղադրանք, թե չկարողացան ավարտել պատերազմը, ու  30 տարի անց այն առավել մեծ դաժանությամբ վերսկսվեց՝  ողջ ծանրությունը թողեցինք մեր ներկայիս երիտասարդ սերնդի ուսերին։ Այսօր Գլենդելում բնակվող գեղանկարիչ, ազատամարտիկ Նիկոլ Աղաբաբյանն այս առնչությամբ ասաց․ «90-ականներին մեզ չթողեցին ավարտին հասցնել պատերազմը։ Հիշենք, որ 94-ին անհասկանալի զինադադարի պայմանագիրը կնքեցին, իսկ այն ժամանակ մենք իսկապես կարող էինք մինչև Քուռի այն ափը գնալ, մինչև Նախիջևան հասնել։  Բայց մեզ դեմ տվեցին այնպիսի մի բան, որ անհնարին էր շարունակել։ Այդ ընթացքում իշխանությունն իր ձեռքը վերցրին ազատագրական ջոկատները, որոնք  առանձին-առանձին էին գործում, իրենք ջոկատներ ձևավորեցին, ու բոլոր հրամանատարներին ոչնչացրեցին,  մենք դարձանք անուժ»։

Աղաբաբյանը նկատում է․ «Միշտ ասել եմ, մի սերունդ մինչև վերջ պետք է պատերազմը վարի, որ հաջորդ սերնդին անելու բան չմնա, որպեսզի հաջորդ սերունդը ապրի»։

Թշնամին չի փոխվել, նույն բարբարոսն է, նույն հայասպանը, որը հրճվում է, հպարտանում, երբ  դաժանությամբ սպանում է հային, ադրբեջանցին սոցիալական ցանցերում տեղադրում է գլխատված հայ զինվորների լուսանկարներն ու բացառիկ ցինիզմով հպարտանում։

Իսկ հայերս  դաշնակիցներ ունե՞նք․ «Մենք բարեկամ պետություն չունենք, թշնամիներ ու անտարբերներ լիքը ունենք, բայց բարեկամ չունենք»,- ասում է գեղանկարիչը։

Անցած դարասկզբում տեղի ունեցածը  ճիշտ-ճիշտ կրկնվում է․ և՛ Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի պատմությունն ենք հիշում, և՛ Գարեգին Նժդեհի  խորհուրդները։ Իսկ Նժդեհը ասում էր․ «Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքը և հարգում իրենց ստորագրած պայմանագրերը, քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից: Սակայն հենց որ մի այլ դրություն, հենց որ մի ուրիշի թղթե բարեկամությունը իրենց ավելի շահավետ թվաց, նրանք թքում են պայմանագրերի վրա, լքում իրենց նախկին զինակիցներին և սպառնում աշխարհի խաղաղությանը: Ա՛յս է իրերի իրական դրությունը, ա՛յս է աշխարհը, այլ ոչ այն, որով օրորվել և օրորվում է՛ մեր սենտիմենտալ ազգը՝ իր սխալ ու խաբուսիկ պատկերացումով»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։