Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ առավելագույնը՝ 5․ ԱՀ նախագահի ուղերձը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջով Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով: Նախագահը նշել է, որ այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։

Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:

«Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթանակը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթանակը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ։ Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ առավելագույնը՝ 5։ Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը։ Գիտակցենք և անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- նշեց ԱՀ նախագահը։

Հարությունյանը նշեց, որ հավատում է մեր հաղթանակին ու հավատում է, որ այս օրերը բեկումնային են լինելու, պետք է միավորվել, պետք է կռվել, պետք է պատժել թշնամուն։

«Սա խուճապային ելույթ չէ, այլ հակառակը։ Հավատում եմ մեր հաղթանակին ավելի քան երբևէ։ Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և հակառակորդին պետք է պատժենք հենց Շուշիի դարպասներում»,- նշեց նախագահ Հարությունյանը։