Կրկին խնդրում եմ բոլորին՝ զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից

Քարոզչական կասկածելի և կեղտոտ շահաբաժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական խնդրի ոչ մարդասիրական շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին:

Նրանց դարձնելով Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ՝ ստիպում են իրենց շահերը սպասարկող հորինված կեղծիք հնչեցնել «հայկական բանակի անտանելի պայմանների, քուրդ վարձկանների» և այլնի մասին:

Կասկած չկա, որ ադրբեջանական քարոզչամեքենայի նմանօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյահոգեբանական ճնշումների արդյունք և քարոզչական գործիք, որը նրանք շրջանառում են միջազգային մամուլում և կառույցներում՝  զեկույցների տեսքով։

Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին՝ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևյան կոնվենցիաների նորմերը, որոնք նախատեսում են ռազմագերիների հետ վարվեցողության հստակ կանոններ:

Կրկին խնդրում եմ բոլորին՝ զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից