Թափ հավաքող պատերազմ

Անսպասելի՞ էր այս ամենը: Ո՛չ, իհարկե` ոչ:

Նիկոլի թավշորեն «բեմելու» առաջին իսկ օրվանից այդ մասին ենք խոսում: Հեղափոխությունը, Նիկոլին ոսկե աթոռին նստեցնելը, խորոված ուտելը, խոզ խանձելը` վասն այսօրվա և նրա ձեռներով Ղարաբաղյան խնդրի լուծմանն էին «ծառայում»:

Մորատորիում ենք հայտարարել այս իշխանությունների նկատմամբ, ուստի ավելին չենք ասում: Բայցև չենք կարող չհնչեցնել հարցը. Կա՞ գերագույն գլխավոր հրամանատար այսօր երկրում: Ի՞նչ քայլեր է նա ձեռնարկում, իր  գործունեությամբ որևէ բանով օգնո՞ւմ է կենաց-մահու, աշխարհի ամենադաժան դիվային ուժի` Թուրքիայի դեմ կրկին պայքարի ելած հայ զինվորին, էթնոսին, թե դեռ զբաղված է բանաստեղծություններ գրելով, սեփական լրատվամիջոցում Թուրքիայի դիվային դերակատարությունը լեգիտիմացնելու Օվերտոնի պատուհան բացելով…  հընթացս էլ` Մարուքյան Էդմոնի (խիստ ընդդիմադիր) թեթև ձեռով ԱԺ-ում` ռազմական դրություն հայտարարելու հատուկ նիստի օրը, բոլորի գիտակցության մեջ ամրակայելով, որ ինքը ոչ միայն բանաստեղծ է, այլև ու վերջապես` գերագույն գլխավոր «հրամանատար»…

Խեղդենք այս կարգի բոլոր դառնությունները մեր ներսում, անցնենք առաջ` արձանագրելու. այս և մնացյալ դառնությունները Նիկոլ Փաշինյանը կարող է օգնել մեզ մոռացության մատնել, եթե ի զորու ու ի վիճակի լինի անել իր կյանքի քայլը. ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալիտետին մեկտեղեց, այդպես էլ ինքը ոչ թե Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունների Օվերտոն բացի, այլ մեկ հարթակի վրա հավաքի նախկին երեք գերագույն գլխավոր հրամանատարներին, կանգնի նրանց կողքին ու համատեղ որոշում կայացնեն:

Ի զորու կլինի՞…

Անցնենք թափ հավաքող պատերազմին:

Արձանագրում առաջին. Կիրթի սպասած բլից-կրիգը չստացվեց: Չստացվեց ոչ այն պատճառով, որովհետև Հայաստանում և Արցախում թևածում էր գերագույն գլխավոր հրամանատարի ուրվականը, այլ որ` հայ էթնոսը  մի «կնոպկա» ունի, որ միանում է պատերազմի, դժվար օրերի ժամանակ` ինքնաբերաբար, ու քանի որ, բացի «կնոպկայից», ունի նաև պատերազմական հաղթական ոտնատեղ, ոտքը դրվեց հաղթական հետքի վրա. գումարած` Արցախյան հող ու լեռներ: Այո, հող ու լեռները ևս կռվելու-չտրվելու մեծ ներուժ ունեն, նրանք ևս կարողականություն ունեն մարտ մղելու, պահպանելու իրենց, պահպանելու մարտիկներին, որոնք պատերազմ են մղում իրենց լանջերին. հզոր հոգին նաև նրանց լանջերին է կեցված: Չկասկածե՛ք գեթ մեկ վայրկյան:

Այո. բլից-կրիգը չկայացավ: Մի կողմից դա, իհարկե, օրինաչափ ու լավ է, սակայն, նաև երկարատև պատերազմի հյուծող վտանգն ունի իր մեջ, ինչի ականատեսն ենք այսօր` միջազգային հանրության «թղթե շերեփների» ու մարդկային լուրջ կորուստների կողքին:

Արձանագրում երկրորդ: Մրցակցության մեջ հայտնված միջազգային հանրությունը ո՞ր  կետի վրա կկանգնի. այս պահին դժվար է ասել: Հարցերն անչափ շատ են. բոլորը փորձում են իրենց գեոշահերն ապահովել, մարդակեր Էրդողանի խաթրին չդիպչել. Թուրքիայում զսպվող փախստականների հսկա բանակն անչափ երկար է դարձրել նրա լեզուն ու ձեռները Եվրոպայի հանդեպ, ու Եվրոպան մանևրում է թուրք «ասկյարի» շուրջը` չնայած Մակրոնի բարձրագոչ, հակաթուրք հայտարարություններին:

Մնացածները  հայացքները դեպ ՀԱՊԿ են ուղղել: Կխառնվի՞: Բարդ վիճակ է (ագրեսորը դանդաղորեն մոտենում է Գեղարքունիքին, Սյունիքին, Կոտայքին): Համենայնդեպս, ՀԱՊԿ-ը ոտքի վրա է. Պուտինն ու Ռուսաստանն ակտիվանում է: Այդ վիճակը ստիպում է արևմտյան (նաև` թուրքամետ) շահառուներին ևս ոտքի վրա մնալ, որպեսզի խաղն ու տարածաշրջանը (հասկանալի է, այս խաղում որոշվում է տարածաշրջանի ապագա ճակատագիրը) վերջնականապես չհանձնեն Ռուսաստանին:

Մահաբեր խաղը ցավալիորեն  դեռ բաց է: Բոլորը սպասում են պատերազմական իրավիճակի միջանկյալ ելքերին` կոնկրետ քայլեր անելու համար:

«Ելքերը» չեն ուշանում. Հայաստանի քրիստոնեական համբերությունը հատնում է, և նա` «խոդ կանյոմ» (Սերժ Սարգսյանի Արցախում հայտնվելուց հետո՞), մեկ էլ ու որոշում է` «զգետնել» Գյանջայի օդանավակայանը, որը կարծես վերջինը չի լինելու:

Հաջորդ նրբությունն էլ այն է, որ այս խաղում սկսել է խոսվել խաղաղապահների մասին (այս մասին մանրամասն` առաջիկայում):

Հատկանշական է նաև, որ միջազգային բոլոր քաղաքական կառույցները շարունակում են իրար հերթ չտալով «հուզիչ» հայտարարությունների շարքը՝ որևէ կոնկրետ քայլ չձեռնարկելով, անգամ ահաբեկիչների, սիրիական «նայոմնիկների» ներգրավվածության ապացույցների, քաղաքացիական բնակչության մեջ զոհերի, հումանիտար աղետի  պայմաններում ու սպասել «անկեղծության ժամին»:

Ինչը կարծես ավելի է երկարաձգելու խաղաղության, հրադադարի գործընթացը, իրավիճակը դարձնելով բավականին պայթունավտանգ` ողջ տարածաշրջանի համար:

Կարմեն Դավթյան